Պուտինյան «սապոգի» հաղթական շքերթը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի կանգնեցրել Ռուսաստանի տնտեսական փլուզումը։ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում իր ծրագիրն իրականացնելուց հետո կանցնի այլ նվաճումների, այս անգամ Մերձբալթյան երկրներում ու Ղարաբաղում։ Gordonua.com կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին։
«Իր գերծրագրից հետո Պուտինը Ուկրաինային հանգիստ կթողնի ու կգնա Մերձբալթյան երկրներ, Ղարաբաղ և այդպես շարունակ՝ աշխարհի այլ տարածաշրջաններ։ Պուտինյան սապոգի «հաղթական» շքերթը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի կանգնեցրել Ռուսաստանի տնտեսական փլուզումը կամ որևէ այլ բան»,- նշել է Բելկովսկին։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, քաղաքագետի կարծիքով, Պուտինը ցանկանում է ամբողջական վերահսկողության տակ վերցնել երկրի հարավ-արևելյան շրջանը, այն անջատել Սևծովյան ավազանից ու հասնել նրան, որ պաշտոնական Կիևը ճանաչի Մերձդնեստրի անկախությունը։
Քաղաքագետի խոսքով, եթե անգամ մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններում Կրեմլին ձեռնտու թեկնածու հաղթի, օրինակ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Պուտինն իր մտադրություններից չի հրաժարվի։
«Պուտինն իսկապես ցանկանում է վերահսկել Ուկրաինայի հարավ-արևելքը, հասնել անեքսիայի ենթարկված Ղրիմի պաշտոնական ճանաչմանն ու Մերձդնեստրի անկախության ճանաչմանը։ Դա Ուկրաինայի հարցում նրա գերնպատակն է։ Բայց նա կարծում է, որ ուկրաինացի բոլոր քաղաքական գործիչներից համաձայնության կարող է հասնել միայն Տիմոշենկոյի հետ։ Որպեսզի [Տիմոշենկոն] դառնա Ուկրաինայի նախագահ, Պուտինը պատրաստ է հետ կանգնել իր ծրագրից, բայց ոչ այն արմատապես փոխել։ Պուտինի հավակնություններն Ուկրաինայից շատ ավելի հեռուն են հասնում»,- եզրափակել է Բելկովսկին։