Home / Հայաստան / Հայաստանը պետք է պատասխանի Էրդողանին, վստահ է Թուրքիայի փոխվարչապետը

Հայաստանը պետք է պատասխանի Էրդողանին, վստահ է Թուրքիայի փոխվարչապետը

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը պետք է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ցավակցական ուղերձին պատասխան հայտարարությամբ հանդես գան՝ նշելով, որ Հայաստանը պետք է նաև քայլեր ձեռնարկի գոյություն ունեցող խնդիրները կարգավորելու ուղղությամբ, գրում է Today's Zaman-ը։

Ելույթ ունենալով Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) կողմից Վաշինգտոնում կազմակերպված համաժողովին՝ Աթալայը նշել է, որ Էրդողանի հայտարարությունը, որում նա իր ցավակցությունն է հայտնել 1915 թվականի հայ զոհերի ժառանգներին, «առաջադեմ հայտարարություն էր»։

«Ակնկալում ենք, որ հաղորդագրությունը կհասնի թե ԱՄՆ-ին, թե միջազգային հանրությանը, և թե Հայաստանին, ու ակնկալում ենք, որ նրանք հանդես կգան պատասխան հայտարարություններով ու հետագա քայլեր կձեռնարկեն՝ խնդիրները գնահատելու և կարգավորելու համար»,- ասել է Աթալայը՝ հավելելով, որ Թուրքիան նույնպես խնդրի վերաբերյալ հետագա քայլեր կձեռնարկի։