Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բռնության է ենթարկվել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից, գրում է Ilur.am-ը:
Ըստ աղբյուրի՝ դեպքը պատահել է մայիսի 7-ի երեկոյան: Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս լսել է ձայնային ազդանշան: Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում, և «աջ է քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջևի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն անսթափ վիճակում է եղել:
«էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը և հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել: Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ Ilur.am-ի աղբյուրների, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին` ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրն Ալեքսանյաններին` բարեխոսության «առաքելությամբ» սկսել են այցելել զանազան մարդիկ, այդ թվում՝ «գողականներ» ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:
Արթուր Ալեքսանյանը, սակայն, մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: iLur-ի տեղեկություններով՝ քննարկվում է կա՛մ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե ոստիկանը արժանի պատիժ չստանա, կա՛մ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկներով, որոնք նույնպես վճռական են տրամադրված:
Մանրամասները՝ iLur.am-ում
Լուսանկարը՝ «Իմ գյումրի» կայքից