Home / Հայաստան / ՄԻՊ-ը վստահեցնում է, որ շարունակելու է զբաղվել ձեռնարկատերերի իրավունքներով

ՄԻՊ-ը վստահեցնում է, որ շարունակելու է զբաղվել ձեռնարկատերերի իրավունքներով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանում ձեռնարկատիրական իրավունքի ոտնահարման հարցով և ուսումնասիրություններ է նախաձեռնում, թեև, որոշ գնահատականներով, դրանով գերազանցում է իր լիազորություններ: Կարեն Անդրեասյանն ասել է, որ, մասնավորապես, Պետեկամուտների կոմիտեն ՄԻՊ-ի՝ լոլիկի ներկրման մասին հարցմանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք է:

Կարեն Անդրեասյանը թեմային անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խնդրանքով: Վերջինս նկատել է, որ 2012-2013 թվականների ընթացքում պաշտոնապես փակվել են 3000-ից ավել մանրածախ օբյեկտներ՝ խանութ, կրպակ, շուկա, ընթացիկ տարում փակվել են ևս 1600-ը:

«Վարչապետի եռամյա ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ զոռբայությունն այսուհետ բացառվելու է, սակայն խոսքը տարածքները խլելու մասին չէ, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ շուկաները փակում են, անիմաստ է դառնում զբաղվել ձեռնարկատիրությամբ», – ասել է պատգամավորը:

Անդրեասյանը նշել է, որ հարցին անդրադարձել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցում, որը շուտով քննարկվելու է ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ օմբուդսմենը զեկույցում գրել էր, որ 2013թ. ընթացքում մի շարք բողոքներ են ստացվել նոր տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու խոչընդոտման միջոցով գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ: 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտնել է 2013թ. ընթացքում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ ընդամենը մեկ դեպքի բացահայտման մասին, որն արձանագրվել է դեղերի շուկայում: Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից չեն իրականացվել լայնածավալ աշխատանքներ այլ շուկաներում գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ», – ասված էր զեկույցում: