ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության հրավեր չի ստացել։ Այս մասին երեկ՝ մայիսի 29-ին, «Նորությունների ռուսական ծառայություն» (Русская служба новостей») ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, պարզաբանել է, որ նորընտիր նախագահի երդմնակալության հրավերները դեռևս չեն ուղարկվել, ու որևէ օտարերկրացի նախագահ դեռևս պաշտոնապես չի հրավիրվել։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան կազմակերպչական միջոցառումները կմեկնարկեն ամենամոտ ժամանակները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Նորընտիր նախագահի նախընտրական շտաբի տեղեկատվական վարչության ղեկավար Իրինա Ֆրիզը «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին հայտնել է, որ այդ օրը Կիևի Անկախության հրապարակում երդմնակալության կապակցությամբ որևէ տոնակատարություններ չեն ծրագրվում։
Նշենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն երեկ արդեն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Հաշվարկելով քվեաթերթիկների 100 տոկոսը՝ ԿԸՀ-ն հայտնել է, որ Պյոտր Պորոշենկոն ստացել է ընտրողների ձայների 54,7 տոկոսը, Յուլիա Տիմոշենկոն՝ 12,81 տոկոսը, Օլեգ Լյաշկոն՝ 8,32 տոկոսը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ձայների ընհանուր թիվը կազմում է 17 միլիոն 774 հազար 827 մարդ։