Home / Հայաստան / Աշոտյանն առաջարկում է «ժամանակակից հայեր» դաստիարակել, բայց շեշտը՝ «հայի» վրա

Աշոտյանն առաջարկում է «ժամանակակից հայեր» դաստիարակել, բայց շեշտը՝ «հայի» վրա

Հայաստանն ազատվել է ուղեղների լվացման սովետական ուսումնական համակարգից, բայց հայկական ռազմահայրենասիրական ուսումնական համակարգ դեռևս չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում 2013 թվականի պետբյուջեի հաշվետվության ժամանակ ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ինքը որպես նախարար ցանկանում է, որ դպրոցում երեխաներին դաստիարակեն որպես ժամանակակից հայեր, որտեղ «հայ» բառը ավելի կարևոր է, քան «ժամանակակից» բառը:

Աշոտյանին խնդրել են վիճակագրություն ներկայացնել՝ քանի ուսանող, որոնք, ֆինանսավորվելով պետության կողմից և կրթությունը շարունակելով արտասահմանում, արտագաղթել է և չի վերադարձել Հայաստան: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ ուսանողների 60%-ը չի վերադառնում Հայաստան, ուստի պետք է մշակել մեխանիզմ՝ ուսում ստացած ուսանողներին հետ բերելու համար:

Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել նման մեխանիզմների հավանականությունը քննարկել, սակայն նշել է, որ, համաձայն զինակոչի վերջին տվյալների, բանակից խուսափելու դեպքերը կրճատվել են: Ավելի վաղ նախարարը առաջարկել էր վերացնել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը՝ փոփոխություն կատարելով «Զինապարտության մասին» օրենքում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատել է, որ դպրոցականների թիվը կրճատվել է 230 000-ով: Աշոտյանը չի ցանկացել մեկնաբանել՝ նշելով, որ ժողովրդագրական խնդիրների համար իրենց նախարարությունը պատասխանատու չէ, և ինքը չի քննարկում ոչ արտագաղթը, ոչ ծնելիությունը: