Երբ Հռոմում քայլում ես կենտրոնական փողոցների արձանների կողքով, նրանց մեծությունն ու վարպետությունն ուղղակի աչք են շոյում, բայց փորձեք փողոցում քայլող որևէ իտալացու հարցնել քանդակի հեղինակի կամ արձանի ով լինելու մասին, անտարբեր հայացքով ասում են՝ չգիտենք։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը, որի թղթակիցը երևանցիների շրջանում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով, ո՞րն է ամենաանճաշակ արձանը Երևանում։ Պատասխանները տարբեր էին, նշում է հոդվածագիրը։
«Սակայն հետաքրքրական է, որ բոլորն էլ կարծիք ունեն, գիտեն, թե ինչու չեն սիրում այս կամ այն արձանը՝ միայն վիզուալ պատկերացումներով չեն առաջնորդվում, ճանաչում են նաև հեղինակրներին։
70 հարցվածներից 50 հոգի նույն հեղինակի արձանների անունը տվեցին, սակայն մի մասը պնդում էր, որ Երևանի ամենագեղեցիկ արձաններն են, մյուս մասը՝ ամենաանճաշակ և «միտք չունեցող»։
Համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից քանդակագործ Բոտերոյի 3 ստեղծագործությունները ոմանց համար զարդարում են Կասկադը, ոմանց համար էլ՝ «փչացնում են» ընդհանուր տեսքը։
– Բա ամոթ չի՞, ծիծիկները բացել են, դրել են մեջտեղը, որ ինչ»։ Կասկադում քայլող մի ծեր կին էր, ով աչքը չէր կտրում «Ծխող կնոջից»։
– Եթե Կոլումբիայում բոլոր տղամարդիկ են այսպիսին, հիմա պարզ է, թէ ինչու են կոլումբիացի կանայք ամենաշատը դավաճանում իրենց ամուսիններին․ մի կատակասեր անձնավորություն, ով նստած էր հենց մերկ զինվորի կողքին»»։
Թերթը նշում է, որ նրանք, ովքեր անճաշակ ու անիմաստ էին համարում Բոտերոյի արձանները, ամենաշատը բողոքում էին արձանների մերկ լինելուց․ «Երեխաներ են գալիս այստեղ։ Մերկ կին է՝ հերիք չի, մի հատ էլ ծխախոտը ձեռքին է։ Բա ի՞նչ են սովորելու այս արձաններից»։