Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի աշխատանքներին մասնակցել են նաև ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում`Լևոն Զուրաբյանը` ՀԱԿ-ից, Աղվան Վարդանյանը` ՀՅԴ-ից: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ակումբի հայկական կողմի ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով վերջին հանդիպումից հետո ընդդիմության կողմից հնչեցված քննադատություններին, մասնավորապես, նույն Աղվան Վարդանյանի բանաստեղծությանը:
«Մեր ընդդիմադիրներն, իրենց շահերից ելնելով, փորձեցին իրենց դիվիդենդները քաղել, շատերը պարզապես թեմա չունեին, ու Կիսելյովը (լուսանկարում) նրանց համար ճիշտ ժամանակին եկավ»,- ասել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մասնակցել էր ակումբի վերջին նիստին, որտեղ դժգոհել էր, թե Հայաստանում երիտասարդ սերունդը ռուսերեն չգիտի: Նա նաև կարծիք էր հայտնել, որ Հայաստանում ռուսական մշակույթի պահպանումն անմիջական կապ ունի երկրի անվտանության հետ:
Անդրադառնալով հասարակական մեղադրանքներին, թե հանդիպման ժամանակ ոչ ոք պատասխան չտվեց Կիսելյովի վիրավորանքներին, Նաղդալյանն ասել է. «Այնպես չէ, որ մենք չպաշտպանեցինք հայ տաքսիստներին, չնայած չգիտենք՝ Կիսելյովը տաքսի նստել էր, թե՝ չէ: Մենք շատ ՀԿ-ների էինք հրավիրել, չէին եկել: Պարզ է, որ հակաիշխանականները չեն հավանելու, ինչ էլ անենք, եվրոպամետները փորձելու էին ապացուցել, որ լավ են ծառայում իրենց ամերիկացի ու եվրոպացի տերերին»:
Նշենք, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ները սոցիալական ցանցերում բողոքում էին, որ հանդիպմանը մասնակցել են միայն իշխանությանը կից ՀԿ-ները: