«Բարգավաճ Հայաստան»-ը, խախտելով երեկ տված խոստումը, այսօր կուսակցության հավաքից հետո չի հայտնել իր դիրքորոշումը Կառավարության ներկայացրած կենսաթոշակային կուտակային նոր ծրագրի մասին։
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասել է, որ այսօրվա հավաքին ոչ միայն կուտակայինի հարցն է քննարկվել, այլև ԱԺ անցնող նստաշրջանի բազմաթիվ օրինագծեր։
«Քանի որ դուք հարցնում եք կուտակայինի մասին, ասեմ, որ ներկայացված հայեցակարգում մենք ինչ-որ շարժ տեսնում ենք, սակայն նախագիծը դեռ չկա, որպեսզի դրա մասին կարծիք հայտնենք։ Թող բերեն ԱԺ, ծանոթանանք, կասենք»,- ասել է Ուրիխանյանը։
Կուտակայինի մասին կարծիք հասնելու խոստումը ԲՀԿ-ական պատգամավորները տվել էին երեկ 4 ոչ իշխանական քաղաքական ուժերի նիստից հետո։
Հիշեցնենք, որ կուտակայինին վերաբերող նոր նախագիծը ԱԺ-ում քննարկվելու է վաղը՝ արտահերթ նստաշրջանում։ Սակայն դեռ այսօր Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած փոփոխություններին։ Դրանք արդեն հրապարակային են, և քննարկվել են երեկ քառյակի փակ նիստին։
Նոր նախագիծով կուտակային համակարգին միանալը պարտադիր է միայն պետական աշխատողների համար։
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ԲՀԿ այսօրվա նիստի ընթացքում պայմաններ չեն ապահովվել լրագրողների համար։ Լրագրողները նիստի ողջ ընթացքում կանգնած են մնացել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մուտքի մոտ ուժեղ քամու պայմաններում։ Գրասենյակի անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել սպասել գրասենյակի սպասասրահում՝ ներս թողնելով միայն «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին։ «Կենտրոնը» պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։