«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանն այսօր դատարանում հայտարարություն է արել իր և մյուս ամբաստանյալների մոտ «իբր հայտնաբերված թմրանյութի մասին»:
Դավթյանն ասել է, որ ոստիկաններն իր գրպանն ափիոն տեսակի թմրանյութ էին նետել, սակայն դա չեն համաձայնեցրել փորձագետների հետ, ում եզրակացության համաձայն, ամբաստանյալի արյան մեջ հայտնաբերվել էր այլ՝ մարիխուանա տեսակի թմրանյութ:
Հայտարարության մասին Epress.am-ին տեղեկացրել է Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Վերջինս դատարանում ասել է, որ ինքը զրկված է եղել փորձաքննության արդյունքները բողոքարկելու հնարավորությունից, քանի որ փորձանմուշը երկու ամիս անց անհնար էր կրկին ուսումնասիրել:
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 անձինք: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ մեղադրյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: 2013-ի սեպտեմբերին ամբաստանյալներից մեկը՝ Արման Դալլաքյանը, մահացել էր բանտում։ Նրա մայրը պատմել էր՝ ինչպես են վարվում որդու հետ։