Տեսախցիկները, արագաչափերը և վճարովի կայանատեղերը Հայաստանում գործում են «հայկական տարբերակով», որի նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում:
Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ոչ իշխանական քառյակի առաջարկներից մեկի մասին։
«Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:
1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում:
2. ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը:
3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղիներ և այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար:
Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթհեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից», – ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ, ըստ տարածված լուրերի, արագաչափերը և տեսախցիկները գործարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Այդ մասին մարտին ԱԺ-ում խոսել է ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։