2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, չի հավատում որդու ինքնասպանության վարկածին։ Այս մասին նա այսօր ասել է Epress.am-ի հետ զրույցում։ Ինքնասպանության մասին քննիչների պնդումներն անարժանահավատ է համարում նաև ռազմական փորձագետ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, ով նշել է, որ գործում կան մի շարք հանգամանքներ, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը։
Փորձագետն ընդգծել է, որ այդ հանգամանքներն ինքը պատրաստվում է ներկայացնել դատավարության ընթացքում, սակայն այժմ որոշել է բացահայտել դրանցից մեկը։ Ըստ Մարտիրոսյանի՝ պաշտոնական վարկածի համաձայն․ երիտասարդը ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով։ Զինատեսակի մասին տեղեկանքները կցված են քրեական գործին, մինչդեռ, Մարտիրոսյանի պնդմամբ, գործին է կցված նաև զինվորական գրքույկը, որտեղ նշված է Մուրադյանին ամրակցված միանգամյան այլ տեսակի զենք։
«Ուստի տուժող կողմը դիմել է ԼՂՀ Պաշտպանության բանակին՝ պահանջելով թե՛ ամրակցված, թե՛ իբր ամրակցված զենքի շարժի մասին տեղեկանք տրամադրել։ Բավական մեծ ուշացումով մեզ գրել են, որ կարող ենք այդ մասին տեղեկանալ Սյունիքի առաջին ատյանի դատարանում առկա գործի նյութերից։ Փաստորեն, բացահայտ մերժում ենք ստացել, քանի որ զենքերի շարժի մասին տեղեկությունները առկա չեն քրեական գործում», – Epress.am-ին ասել է փորձագետը։
Նա նշել է, որ ինքն ու տուժողի իրավահաջորդը պատրաստվում են նույն պահանջով երկրորդ դիմումը հղել ինչպես ԼՂՀ ՊԲ-ին, այնպես էլ ԼՂՀ նախագահին։
Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ գործում առկա զենքի մասին տեղեկանքները կեղծ են, այդ իսկ պատճառով իրենց չեն ցանկանում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։
Հովսեփ Մուրադյանը նշել է, որ ինքը բողոքելու է նաև ԼՂՀ-ում դատական նիստերի անցկացման դեմ։ Համաձայն դատական մարմինների որոշման՝ գործը քննվելու է Սյունիքի մարզի դատարանի Ստեփանակերտի նստավայրում, մինչդեռ հայրը պնդում է, որ այդ որոշումն օրինական չէ։
«Դատական նիստերի անցկացումը ԼՂՀ-ում հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ դատարանը չի կարող նստավայր ունենալ այլ պետության տարածքում», – ասել է Մուրադյանը, որի որդին զորակոչվել էր Թալինի տարածքային զինկոմիսարիատից։