Աղմկահարույց «Բանդայի գործով» անցնող ամբաստանյալ Արթուր Մանուկյանին խոշտանգել են ոստիկանությունում։ Այս մասին նա ասել է երեկ կայացած դատական նիստի ընթացքում։ Մանուկյանի խոսքով՝ ձերբակալվելուց հետո ինքը երեք օր զանգեր կատարելու հնարավորություն չի ունեցել, չի կարողացել խոսել հարազատների հետ, փոխարենը՝ ձեռնաշղթաները հագին ծեծված վիճակում գետնին ընկած է եղել։
Մեղադրյալը պատմել է նաև, որ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) իրեն ծեծել են՝ ոտքերը կապած, գլխիվայր կախած վիճակում։
«Հավաքարարը պոլերն էր սրբում, ձեռից կեղտոտ վեդրոն վերցրեցին, կեղտաջուրը լցրեցին գլխիս, ու դուբինկով գլխիս էին տալիս։ Ո՞րը ասեմ։ Հինգ-վեց օր հետո ինձ բերեցին դատարան, սանկցիա տվեցին, հետո նորից տարան ՁՊՎ։ Հետո՝ սեպտեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում, ինձ տարան ԱԱԾ, որտեղ բժիշկը ինձ չընդունեց՝ իմ առողջական ծանր վիճակի համար։ Ես անգամ լսեցի, որ ասեց՝ տղուն բերել եք ստեղ, որ թողեք մեր վրա՞։ Նորից տարան ՁՊՎ, հետո չորս օր հետո նորից բերեցին ԱԱԾ։ Մեկ տարի շարունակ ես զրկված եմ եղել իմ հարազատներին զանգելուց, տեսակցելուց»,- ասել է Մանուկյանը։
Ամբաստանյալն ասել է, որ իր գրավոր ցուցմունքներից միայն մեկն է ինքը գրել՝ 2011 թվականի սեպտեմբերի 25-ին։ Իրեն վերագրվող մեկ այլ ցուցմունք թվագրված է սեպտեմբերի 22-ով, սակայն Մանուկյանը պնդում է, որ ինքը ձերբակալվել է սեպտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: