Բարեփոխումները, որոնք նախատեսվել է իրականացնել Քրեական դատարավարության նոր օրենսգրքով, կոմպենսացման մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը շարունակի մնալ այն մամլիչը, որով սանձում են ազատության ձգտող ժողովրդին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ վտանգավոր է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում առաջարկվող մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:
«Նախաքննական ցուցմունքը հրապարակում են դատական նիստում ու համարում, որ դա ապացույց է: Ոչ հրապարակային կարգով տրված ցուցմունքը բերում են դատարան ու արձանագրում, որպեսզի հետագայում այլևս հնարավոր չլինի որևէ բան փոխել»,- ասել է Զեյնալյանը:
Իրավապաշտպանը վտանգավոր է համարում նաև Քրեական դատավարության օրենսգրքում գործի վերաբացման, նորոգման երկու ինստիտուտների՝ նոր ի հայտ եկած փաստի և իրավունքի նորմի միաձուլումը, դրանք կոչվում են նոր ի հայտ եկած հանգամանք:
«Այն, ինչ մենք հիմա ունենք, ձեռք է բերվել Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշումների արդյունքում, այս ոլորտը կարգավորող նորմերի հակասահմանադրական ճանաչվելու արդյունքում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ջանք ու եռանդ է ներդրվել այս իրավակարգավորումը ձեռք բերելու համար»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ Սահմանադրական դատարանի որոշումների, Եվրոպական դատարանի վճիռների կատարման այսօրվա իրավակարգավորումները, այս ոլորտում ձևավորված իրավակիրառ պրակտիկան շատ առաջադիմական է և համապատասխանում է Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և շարժում է լուրջ եվրոպական, միջազգային տեսաբանների նախանձը: Բայց նոր Քրեական դատավարության օրենսգրքով ինստիտուտները՝ փաստն ու իրավունքը, միավորվում են և երկուսի համար էլ պետք է լինի հայեցողություն՝ որպես այդպիսին գնահատել կամ չգնահատել: «Ինստիտուտներն ահռելի ճանապարհ են անցել, չի կարելի այս աստիճան դիմադրել, հակառակվել Սահմանադրական դատարանին, ժողովրդին, իրավունքին ընդհանրապես»,- ասել է Զեյնալյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ Pastinfo.am-ում