Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում գործող «Սի Փի Էս» (CPS) ընկերության հետ վերջինիս բենզալցակայանների ցանցը գնելու շուրջ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթը նշում է, որ փորձել է մանրամասներ ճշտել և մեկնաբանություններ ստանալ «Սի Փի Էս» ընկերությունից, սակայն այդ փորձերն անհաջող են եղել։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ CPS-ի բենզալցակայանների ցանցը խոշորագույնն է ՀՀ-ում և պաշտոնապես այս ընկերության նշանի տակ գործում է շուրջ 50 լցակայան, որոնցից մոտ կեսը տեղակայված է Երևանում:
Թերթի տեղեկություններով, գործարքի ծավալը այնքան էլ մեծ չէ և կազմելու է 5-8 մլն դոլար, որի դիմաց «Ռոսնեֆտին» կանցնեն ոչ միայն բենզալցակայանները, այլ նաև CPS-ի մեծածախ բազաները: Ըստ նույն աղբյուրների, գործարքի հաջող ավարտից հետո CPS-ի նշանի տակ այսօր գործող բենզալցակայանների վրա կհայտնվի արդեն «Ռոսնեֆտի» ապրանքային նշանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում