Վերաքննիչ դատարանը, այսօր լսելով բռնաբարության զոհ դարձած կնոջ բողոքը ոստիկանության և առաջին ատյանի դատարանի դեմ, մերժել է այն։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ սա շատ վատ նախադեպ է, քանի որ լրացուցիչ վախեր կհարուցի կանանց մոտ, ովքեր սեռական բռնության են ենթարկվում, սակայն վախենում են ոստիկանություն դիմել ՝ հասարակության կողմից մեղադրանքների, բամբասանքի, ոստիկանության անգործության արժանանալու հեռանկարը պատկերացնելով։
Այսօր դատարանում տուժողի ներկայացուցիչ Նորա Գալստյանը ներկայացրել է բողոքը և դրա հիմք հանդիսացող փաստերը, մասնավորապես, այն, որ բռնաբարության մեջ կասկածվող անձը մտերիմ է եղել գործով զբաղվող քննիչ Կավեյանի հետ, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի քննիչը կարճի քրեական գործը։
Գալստյանը ընթերցել է նաև քննիչի և կասկածյալի միջև փոխանակված հեռախոսային հաղորդագրությունները։ Պատասխանող կողմը՝ ի դեմս դատախազության ներկայացուցչի, իր ելույթում նշել է, որ քննիչի և կասկածյալի մտերիմ հարաբերությունները հիմք չէ պնդելու, որ քննիչը կատարել է հանցագործություն և կեղծել է գործի նյութերը՝ քրեական գործ հարուցելը մերժելու համար։
Բռնաբարության զոհ դարձած կինը մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան, սակայն մեծ հույսեր ներպետական դատարաններից այլևս չունի և պատրաստվում է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նշենք նաև, որ գործով զբաղվող իրավապաշտաններից մեկն անանուն սպառնալիք է ստացել։ Ինչպես հաղորդում է Կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարող կոալիցիան՝ բռնաբարված կնոջ գործի մասին տեղեկացնող ասուլիս կազմակերպելուց հետո իրավապաշտպանին (նշում են միայն նրա անունը՝ Վահան – խմբ․) նամակ են գրել․ «Այսպես կոչված բռնաբարության գործը շինծու է և միմիայն ուղղված է զրպարտության շնորհիվ քանդելու մի շատ ամուր և առողջ ընտանիք։ Համոզված ենք, որ դուք էլ ունեք կասկածներ (կնոջը անունը փակված է) բարոյականության և անկեղծության վերաբերյալ»։ Նամակի հեղինակը նաև կոչ է արել այլևս չպաշտպանել բողոքը ներկայացնող կնոջը, որպեսզի «անմեղ մարդիկ չտուժեն»։