Home / Տեսանյութեր / Փաստաբանը միջնորդել է անմեղ ճանաչել Շանթ Հարությունյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաստաբանը միջնորդել է անմեղ ճանաչել Շանթ Հարությունյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի մեկնարկին ոստիկանները խախտել են ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածը, որը սահմանում է ոստիկանների իրավունքները հասարակական կարգը պահպանելիս: Այս մասին այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է մեղադրյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մկրտչյանի և Միսաք Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ոստիկաններից մի քանիսը եղել են քաղաքացիական հագուստով, սակայն դատարանում այդպես էլ չի ուսումնասիրվել այն որոշումը, որով հրահանգ է տրվել այդ օրն օպերատիվ գործողություն իրականացնելու մասին:

Քոչարյանը հիշեցրել է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ սպանվեց, օրենք է ընդունվել այն մասին, որ քաղաքացիական հագուստով աշխատելու դեպքում ոստիկանը պետք է կրի տարբերանշան, իսկ նոյեմբերի 5-ին նման բան չի արվել:

Փաստաբանի խոսքով՝ ամբաստանյալներին մեղսագրվող խուլիգանության հոդվածը լրիվ անտեղի է, ավելի տրամաբանական կլիներ ծեծի հոդվածով ամբաստանյալներին բերման ենթարկելը:

 

Պաշտպանական ճառով հանդես է եկել նաև քաղբանտարկյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը: Նա խոսել է իր պաշտպանյալի օրինակելի քաղաքացի, ուսանող լինելուց և միջնորդել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել:

Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն (լուսանկարում) իր ճառում պահանջել է արդարացման դատավճիռ կայացնել: Նա հիշեցրել է, որ իր պաշտպանյալները բերման ենթարկվելու պահից խոշտանգումների են ենթարկվել, հիմա էլ մեղադրվում են խուլիգանության մեջ: Պետրոսյանն ասել է, որ դատարանում պարզվել է, որ ամբաստանյալներից ոչ մեկը չի ասել՝ «միլիցա է, խփեք», ինչպես պնդում էին տուժող ոստիկանները: Ապացուցվել է նաև, որ ոչ մի ոստիկան ոչ մի օրինական պահանջ չի ներկայացրել, որ ամբաստանյալներն էլ չկատարեին: Հակառակը՝ ոստիկանները ուղղորդում էին ցույցի մասնակիցներին դեպի փողոց, ոչ թե հորդորում մայթով քայլել, ինչը երևում է տեսանյութում:

14 տարեկան Շահեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործին անդրադառնալով՝ Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ այն հորինված է և հարուցվել է դեպքից ամիսներ հետո, քանի որ ակնհայտ է, որ Շահենն ընդամենը փորձել է պաշտպանել հորը՝ Շանթ Հարությունյանին:

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել են Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։

Դատախազը նաև պահանջել էր մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Միսակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը նաև միջնորդել էր Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։