ՀՀ նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել ՀՀ երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգայնագետ Արայիկ Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: Այս մասին երեկ հայտնել է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը։
Այժմ երեք հաղթողների ցանկն ուղարկվելու է ՀՀ նախագահի հաստատման, որից հետո էլ ԵԽԽՎ, որտեղ թեկնածուներից մեկն ընտրվելու է ՄԻԵԴ֊ում Հայաստանի դատավոր։
Նշենք, որ մրցույթի անցկացման ընթացքում խնդիրներ են ծագել դրա անցկացման թափանցիկության հետ կապված։ Արմեն Հարությունյանը, Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից ուշ են ներկայացրել իրենց թեկնածությունները, և մրցույթում դիտորդ «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ֊ն բարձրաձայնել էր, որ նրանց գրանցումը պետք է չեղյալ համարվի։ Սակայն մրցութային հանձնաժողովն Արմեն Հարությունյանի գրանցումը համարել է պատշաճ։ Բացի դա, ՀԿ֊ն բարձրաձայնել էր, որ հանձնաժողովը խոչընդոտում է դիտորդական առաքելությունը։