ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ինչը, սակայն, անտեսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից։ Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը։
Նա մեջբերում է կառավարության նիստում հուլիսի 12-ին հնչեցրած վարչապետի ելույից հատված, որտեղ վերջինս խոսում է ֆինանսների նախարարության կողմից մշակված օրինագծի մասին՝ այն որակելով քայլ առաջ։ Աբրահամյանը չի նշում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարծիքը, որն իր եզրակացության մեջ, մասնավորապես, գրել էր, թե «գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն»։
Էկոնոմիկայի նախարարության փաստաթղթում ընդգծվում է նաև, որ նախագծով առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող բոլոր հարկատուների համար սահմանվում է ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջ և ստուգման ընթացակարգ, ինչը կհանգեցնի ֆինանսական ծախսերի և վարչարարության ավելացմանը։ Էկոնոմիկայի նախարարությունը օրենքի նախագիծը համարել էր անընդունելի։
Հիշեցնենք, որ, համաձայն հին օրենքի, շրջանառության հարկը կազմում էր 3.5 տոկոս, սակայն ձեռնրեցներից ավելորդ թղթաբանություն չէին պահանջում։ Նոր օրենքի համաձայն, հարկը կազմելու է 1 տոկոս, սակայն ձեռներեցները պարտավորված են լինելու բոլոր ապրանքատեսակների մանրամասն նկարագրությունը ներկայացնել հարկային մարմիններին։ Oրենքից բողոքող ձեռներեցները պնդում են, որ ողջ ապրանքի գույքագրումն ու փաստաթղթավորումն անհնար է, քանի որ դրա համար նրանք պետք է հաշվապահներ պահեն, ինչը հնարավոր չէ՝ հաշվի առնելով իրենց ցածր եկամուտները։ Բողոքողներն ակցիաների ընթացքում բազմիցս նշել են, որ հնարավարություն չունեն գույքագրել ողջ ապրանքը նաև այն պատճառով, որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դա ողջ ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունը անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի կարգադրել է օրենք մշակել, որով փաստաթղթավորման պահանջը կհետաձգվի մինչև փետրվարի 1-ը։ Ձեռներեցներից շատերը, սակայն, ակցիաների ժամանակ պահանջում էին կա՛մ չեղյալ հայտարարել օրենքը, կա՛մ յուրաքանչյուր ձեռներեցին հնարավորություն տալ ընտրել, թե որ օրենքով՝ հին կամ նոր իրեն հարմար է աշխատել։ Այդ տարբերակը մշակվել էր ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից, սակայն ՀՀԿ֊ն բոյկոտեց արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր հարցը։