Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության Գերագույն խորհրդի նիստին ստորագրվել է Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ակնկալում է, որ անդամ բոլոր երկրների խորհրդարանները մինչև տարվա վերջ պայմանագրին հավանություն կտան։
«Մեր կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար աշխատել Եվրասիական տնտեսական միությունում», ֊ հայտարարել է Պուտինը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին:
«Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:
Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին և փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար», ֊ մասնավորապես, ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։