Պուտինի վերջնական նպատակն ակնհայտ է՝ կարթել Ուկրաինան, այնպես, ինչպես նախկինում դա արեց Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական Minval.az֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։
Նրա խոսքով՝ ուկրաինական վերնախավը նույնքան հիմար, ագահ ու անհեռատես գտնվեց, որքան Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի՝ 90֊ականների սկզբների վերնախավերը։
«Չնայած արդեն ավելի քան 20 տարի է անցել, նրանք որևէ դասեր չեն քաղել։ Նրանք կրկնեցին նույն սխալները, ինչ թույլ էին տվել մեր վերնախավերը։ Նրանք թույլ տվեցին՝ Ռուսաստանը կարթի Ուկրաինան»։
Քաղաքագետը կարծում է, որ ուկրաինացիները Ղրիմը միանշանակ կորցրել են․ «Քանի դեռ գոյություն ունի Ռուսաստանը, Ղրիմը պատկանելու է այդ երկրին։ Իսկ Դոնեցկը նոր Ղարաբաղն է դարձել։ Ու դա ուկրաինական վերնախավի ագահության ու հիմարության պատճառով։ Իսկ Ռուսաստանն արեց այն, ինչ կարող էր և ուզում էր»։
Կոսովոյից, ու նրանից հետո, թե Արևմուտքն ինչ արեց Սերբիայի հետ, որևէ մեկը, Ալիզադեի կարծիքով, իրավունք չունի Ռուսաստանին ագրեսոր անվանել․ «Ռուսաստանը Ուկրաինային չի ռմբակոծել։ ՆԱՏՕ֊ն ռմբակոծել է Բելգրադը, ռմբակոծել է հարսանեկան շքերթներ, ռադիոկայաններ, հեռուստակայաններ։ Ռուսաստանը չի ռմբակոծել, ավելի քողարկված կերպով արել է այն, ինչ ՆԱՏՕ֊ն արել է Հարավսլավիայի հետ՝ իր աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար։ Այո, Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը, խախտել է Ուկրաինայի ժողովրդի շահերը, բայց Ուկրաինայի պետության շահերը, առաջին հերթին, խախտել է Ուկրաինայի վերնախավը՝ Յանուկովիչը, Մայդանի առաջնորդները, Պորոշենկոն։ Հանուն իշխանության՝ նրանք դավաճանել են պետության շահերը։ Աչքերիս առաջ նույնը տեղի էր ունենում Ադրբեջանում, երբ մի խումբ քաղաքական գործիչներն Ադրբեջանին դավաճանեցին՝ հանուն իշխանության։ Հանուն պաշտոնի։ Նույնը տեսել եմ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում»։
Ստեղծված իրավիճակից հնարավոր ելքի մասին հարցին Ալիզադեն պատասխանել է, որ նշված երկրներին մնում է հույսը դնել Ռուսաստանի փլուզման վրա։