Թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը, ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
«Գռոզնի Ավիա»-ի առաջարկած տոմսերի գինը սկսկվում է 8 700 ռուբլուց, երևանյան ընկերություններում ZG-740 կոդն ունեցող Երևան-Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը սկսվում են 87 500 դրամից։ Նաև տեղեկացնում են՝ «Զվարթնոց» օդանավակայանից առաջին թռիչքը կայանլու է նոյեմբերի 17-ին, 15:00-ին, թռիչքը տևելու է մոտ երկու ժամ և թռչելու են «Յակ-42» ինքնաթիռով:
Այն, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը մտադիր է կանոնավոր ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել Երևանի ու Սիմֆերոպոլի միջև, առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնեց ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ կանոնավոր չվերթները իրականացվելու են հոկտեմբերի 10-ից: Սակայն հետո ժամկետները հետաձգվեցին, և երկու օր առաջ «Ինտերֆաքսի» հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարեց, որ թռիչքները սկսվելու են նոյեմբերի 16-ին:
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Ազատության» հետ զրույցում, սակայն, ասել է, որ ավիաընկերության հայտը մերժել են՝ «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով, և որ թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով` դեպի Ղրիմ թռիչքները բացասաբար կանդրադառնան Հայաստանի միջազգային հեղինակության վրա, անգամ կարող են հանգեցնել պատժամիջոցների:
«Եթե մենք այդ սահմանափակումները խախտենք, մեզ կարող են ICAO-ով կամ Eurocontrol-ով մեր ավիաընկերություններին արգելել ընդհանրապես թռիչքներ իրականացնել, մենք՝ «Զվարթնոց» օդանավակայանը, «Էյր Արմենիան» կհայտնվեն սև ցուցակի մեջ և կարող են ուրիշ ընկերություններ դեպի Հայաստան թռիչքներ չիրականացնեն»,- ասել է Պետրոսյանը։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ չվերթի բացումը քաղաքական առումով ուղղակի անպատվություն է հայկական պետականությանը։
«Հայաստանը էապես կփչացնի իր հարաբերությունները նախ և առաջ Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է։ Իհարկե, Հայաստանը կփչացնի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ընդ որում՝ դիմացը չստանալով ընդհանրապես ոչինչ», ֊ ասել է փորձագետը։
Հոդվածն ամբողջությամբ՝ Azatutyun.am֊ում