Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բարեփոխումների համար: ՀԲ֊ի հայատսանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա երեք ԶՔԳ-ների շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է:
ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ.
– Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման և ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում.
– Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը.
– Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով.
– Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով Ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա.
– Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման միջոցով:
Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար: