«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունների մի մասը արվում է հարկերից ապօրինաբար խուսափելու նպատակով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը քննադատության ենթարկելով՝ այս մասին հայտարարում է thetruthmustbetold.com կայքի խմբագիր, ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը։ Անցյալ տարի նա իր կայքում ներկայացրել էր խարդախության դեպքերից մեկը: Լրագրողը նշել էր, որ Կալիֆորնիայում գործող մի խումբ ամերիկահայ ներդրողները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ գործարք են կնքել, որն օգնել է իրենց ԱՄՆ֊ում խաբեությամբ ավելի քիչ հարկ վճարել։
Համաձայն ԱՄՆ օրենքի, եթե գործարարը նվիրատվություն է անում որևէ բարեգործական կազմակերպությանը, այդ գումարը չի հաշվարկվում որպես եկամուտ, այդպիսով՝ գործարարն այդ մասով ազատվում է եկամտահարկ վճարելու անհրաժեշտությունից: Ամերիկահայ գործարարները ցանկացել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հյուրանոցային բիզնես սկսել։ Նրանք Հիմնադրամին նվիրաբերել են բավական մեծ գումար (լրագրողը չի նշում որքան), և այդ մասով ազատվել են հարկերից ԱՄՆ֊ում, ինչը օրինական է։ Մանուկյանը նշում է, որ հետագայում, սակայն, գործարարները խարդախության են դիմել։ Նրանք ԼՂՀ֊ում Հիմնադրամից հետ են ստացել այդ գումարի մեծ մասը՝ այդ փողերը ներդնելով հյուրանոցային բիզնեսի մեջ, իսկ փոքր մասը թողել են Հիմնադրամին՝ որպես նվիրատվություն։
Ամերիկահայ լրագրողի խոսքով՝ գործարարները, փաստորեն, ԱՄՆ֊ում հարկերից ազատվել են իրականում չնվիրաբերված գումարի մասով։ Արա Մանուկյանը պնդում է, որ նման գործարքներ հաճախ են իրականացվում, և, փաստորեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականում ավելի քիչ գումար է հավաքում, քան հայտարարվում է։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամների թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ն, Հայաստանի ազգային հերոս, հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը։