Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին մարզական խաղերի խորհրդանիշները վիթ աղջնակ Ջեյրանն ու նուռ տղա Նարն են: Կազմակերպիչների համոզմամբ՝ այս թալիսմանները խորհրդանշում են Ադրբեջանի բնությունն ու մշակութային ժառանգությունը։ Ջեյրանը խորհրդանշում է գեղեցկություն և նրբակազմություն, Նարը՝ կյանք ու էներգիա։ Ադրբեջանի բլոգոլորտը թալիսմաններին արձագանքել է հեգնանքով՝ տարածելով Ֆոտոշոփի միջոցով պատրաստված ծաղրական պատկերներ (ներքևում)։
Առաջիկա ամիսներին թալիսմանների պատկերները տեղադրված են լինելու Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքների տարբեր վայրերում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, Ջեյրանն ու Նարը «կենդանանալու» են ու ներկայանալու եռաչափ պատկերով։
Եվրոպական խաղերին, որոնք տեղի են ունենալու 2015թ. հունիսի 12-28-ը, մասնակցելու է ավելի քան 6 հազար մարզիկ։ Նրանք խաղարկելու են մեդալներ 20 մարզաձևերում, որոնցից 16֊ը՝ օլիմպիական։
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն նոյեմբերի 24-ին տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ գտնում է՝ հայ մարզիկները պետք էմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` «մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը»: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարևորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: