2014 թվականի դեկտեմբերի 19֊ից՝ արտարժույթի գնման համար Բելառուսի կողմից 30 տոկոս հարկ սահմանվելու մասին լուրերի տարածումից հետո, երկրում արգելափակվել են մի շարք անկախ տեղեկատվական կայքեր, հայտնում է Belaruspartisan.org կայքը։ Արդեն մի քանի օր է՝ Բելառուսում չեն գործում Gazetaby.com, Belaruspartisan.org, Charter97.org, Naviny.by, Belapan.com, Udf.by կայքերը։
«Արգելափակվել են դոմենային անունները։ Պատճառը հայտնի չէ։ Որևէ նախազգուշացում չի եղել»,֊ ասել է «ԲելաՊԱՆ» լրատվական գործակալության տնօրեն Ալես Լիպայը։
Բելառուսի ազգային հեռահաղորդակցման օպերատորը՝ «Բելտելեկոմ»֊ը, հայտարարել է, որ տվյալ խնդրի հետ որևէ առնչություն չունի, և որ այն պայմանավորված է իր վրա DdoS հարձակմամբ։ Օպերատորը վստահեցնում է՝ մասնագետներն աշխատում են հնարավոր խնդիրների վերացման ուղղությամբ։