Home / Հայաստան / Ոստիկանությունը կքննի զոհված զինվորների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունը

Ոստիկանությունը կքննի զոհված զինվորների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունը

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել փետրվարի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ոստիկանները բռնի ուժով նախագահի նստավայրի առջևից հեռացրեցին բանակում որդիներ կորցրած ծնողներին։

Վերջիններս գնացել էին ոստիկանություն բողոքելու։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում 2007 թվականին խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ասել է՝ այնտեղ ևս արդարացրել են ոստիկանների գործողությունները։ 

«Ոստիկանության վարչության աշխատակազմի ղեկավարը մեզ ընդունեց, ասեց՝ ճիշտ են վարվել ոստիկանները։ Նրանք իրավունք ունեն դուբինկեքով էլ ծեծել», – ասել է Սարգսյանը։ Կնոջ խոսքով՝ ոստիկաններն իրավունք չունեին նման կերպ վարվել, նույնիսկ եթե իրենք «սխալ էին կանգնել»։ 

«Մենք, մեր նախագահի ասած, ապահով երկրում ենք ապրում ու է՞ս ա իրա ապահով Հայաստանը», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Գոհար Սարգսյանը։ 

Վերջին դեպքն, ըստ Սարգսյանի, ցույց տվեց, որ իշխանությունները չեն ուզում բացահայտել զինծառայողների մահվան իրական պատճառները։ Այնուամենայնիվ, ծառայողական քննությունը նշանակվել է։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու է նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է ոստիկաններից մեկը:

Ոստիկանների կողմից բռնության կիրառելու հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, բարձրացել է արյան ճնշումը, կինը ուշագնաց է եղել։ Ոստիկանները շտապ օգնության մեքենա են կանչել: Սարգսյանին բժշկական օգնություն է ցույց տրվել, ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվել է կնոջ հագուստը, կոշիկները: