«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել գործարանի բակում: Ինչպես Epress.am-ին հայտնել է «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, այսօր «նաիրիտցիներն» իրենց հարցման պատասխանն են ստացել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, ինչը բողոքի ալիք է բարձրացրել:
«Զախարյանի նամակում կրկվնում էր այն, ինչ նա ասել էր փետրվարի 2-ին: Նա ասել է, որ փետրվարի 25-ին կստանանք ևս մեկ ամսվա աշխատավարձ և որ մյուս գումարների վճարումը կախված է գործարանի գույքի օտարումից: Բայց մեր նամակի հարցն այլ էր: Մենք պահանջել էինք աշխատավարձի ստացման հստակ ժամանակացույց ներկայացնել»,-ասել է Հարությունյանը:
Այս պատասխանից դժգոհ՝ «նաիրիտցիներն» ուղևորվել են դեպի Կառավարության շենք: Այնտեղ նրանց խոստացել են, որ ուրբաթ օրը վարչապետն անձամբ կպատասխանի գործարանի աշխատակիցներին:
«Չնայած այս խոստմանը, մենք որոշել ենք ամեն օր բողոքի ակցիա անել Կառավարության շենքի մոտ»,- ասել է Հարությունյանը:
Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են 18 ամսվա չվճարված աշխատավարձները։ «Նաիրիտի» աշխատակիցների խնդիրների մասին՝ այստեղ։