Home / Հայաստան / Բանակում զոհված զինվորի մայրը պատմել է՝ ինչու էր դժգոհ զինկոմիսարիատից

Բանակում զոհված զինվորի մայրը պատմել է՝ ինչու էր դժգոհ զինկոմիսարիատից

Արաբկիրի զինկոմիսարիատի ղեկավար Ալբերտ Քարամյանը 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին խոստացել է, որ այլևս նրա տուն չեն զանգի և որդիներին հավաքների չեն կանչի:

Epress.am-ի հետ զրույցում Ղազարյանը պատմել է, որ ինքն այցելել է զինկոմիսարիատ այն բանից հետո, երբ իրենց տուն են զանգահարել և առանց ներկայանալու պահանջել, որպեսզի իր որդիները՝ Սամվել Ղազարյանն ու Գարիկ Ղազարյանը, չբացակայեն քաղաքից առաջիկա 40 օրվա ընթացքում, քանի որ նրանց կարող են զինվորական հավաքների տանեն:

«Տղաներից մեկը ասում է՝ չէ՞ որ ես ծառայել եմ Ղարաբաղում, մյուսը ասում է՝ ես ծառայել եմ Նոյեմբերյանի Կողբ գյուղում: Իսկ եթե դու զանգել ես, բարի եղի ներկայացի՝ ով ես: Ես անջատում եմ հեռախոսը ու գնում զինկոմիսարիատ: Ինձ ընդունում է զինկոմն ու ասում՝ տիկին Իրինա, սա սխալմունք է, չպիտի լիներ: Ասում է՝ ես Ձեզ խոստանում եմ՝ Ձեր տղաների բլանկները կդնեմ դարակի մեջ, էլ չեն զանգի»,- պատմել է Իրինա Ղազարյանը:

Նա ասել է, որ միջադեպը զայրացրել է իրեն այն պատճառով, որ զինկոմիսարիատից զանգողները չեն ներկայանում և պատշաճ բացատրություն չեն տալիս, բացի դա,  2010 թվականին դեկտեմբերին իր որդու՝ Արթուրի մահվանից հետո, զինկոմիսարիատից իրենց բնակարան չեն զանգել, իսկ այդ փաստը հետագայում արդարացրել են, թե չէին կարողանում հեռախոսահամարը գտնել:

«Երբ 2010 թվականի դեկտեմբերին իմ որդու դիակը բերել էին Մուրացանի Հոսպիտալ, զինկոմիսարիատից ասեցին՝ տիկին Իրինա, մենք ձեր հեռախոսի համարը չունեինք: Բա որ էդ ժամանակ իմ հեռախոսի համարը չունեիք, հիմա իմ տղաները ծառայած են, ո՞նց եք դուք իմ հեռախոսի համարը գտել», – ասել է Իրինա Ղազարյանը: