Ստամբուլի դատարանի որոշմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10 հազար թուրքական լիրա փոխհատուցում պետք է վճարի «Հայ-թուրքական բարեկամության» քանդակի հեղինակ Մեհմեդ Աքսոյին, հայտնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը։
Երեքշաբթի՝ մարտի 3֊ին, դատարանը վճռել է, որ Էրդողանն Աքսոյին հոգեբանական վնաս է հասցրել՝ նրա քանդակած արձանը «հրեշավոր» անվանելով։ Դատարանում Էրդողանին ներկայացնող փաստաբան Էրդոպան Ֆերահ Յըլդըզը լրագրողներին ասել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը։
2011 թվականի հունվարին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը քննադատել էր Աքսոյի՝ Կարսում գտնվող արձանը՝ Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշին հորդորելով «անել այն, ինչ պետք է», ու փոխարենը տարածքում այգի կառուցել։ 2011 թվականի հունիսին արձանն ապամոնտաժվել է՝ Կարսի քաղաքապետարանի որոշմամբ։
Աքսոյն իր դժգոհությունն էր արտահայտել Էրդողանի մեկնաբանության վերաբերյալ՝ ասելով, որ իր քանդակը խորհրդանշում էր հայ֊թուրքական հարաբերություններում բարեկամությունն ու խաղաղությունը։ Քանդակագործն Էրդողանի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ իրեն ու իր գործը վիրավորելու պատճառաբանությամբ՝ պահանջելով 100,000 լիրա փոխհատուցում հասցված հոգեբանական վնասի համար։