Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով այսօր առավոտյան հրավիրվել էր ոստիկանության բաժին Ռուսաստանում գողություն կատարելու կասկածանքով, հարուցված քրեական գործի մասին մանրամասներ է ներկայացրել իր ֆեսյբուքյան էջում: Օհանյանը գրել է, որ քննչական բաժնի աշխատակիցներն այսօր առավոտյան իրեն հրավիրել են բաժին իբր ծեծկռտուքի գործով, սակայն հետագայում բաժնում ասել են, որ գործը վերաբերում է Ռուսաստանում կատարված գողությանը:
«Ասեցին, որ տանը ճիշտը չեն ուզեցել ասեն, որ ընտանիքիս անդամներին շատ չանհանգստացնեն: Նախ հանգամանքները ներկայացրին, որ ես նոյեմբերից հետախուզման մեջ եմ, բայց ստեղ նոր ա դա հասել: Ինձնից մատնահետքեր վերցրին, հետո արդեն երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողեցին՝ էդ գործի նյութերը գալու դեպքում արդեն հետագայում մնացած գործընթացները ստեղ կատարելու համար:
Ասեմ, որ ստեղի ոստիկանները՝ ավելի կոնկրետ հետախուզման բաժնի աշխատակիցները, ոչ մի թշնամանք կամ բացասական տրամադրվածություն իմ նկատմամբ չեն ցուցաբերել, իրանց գործը նորմալ կատարեցին: Ինչ վերաբերում ա նրան, թե արդյոք ստեղ կար քաղաքական ենթատեքստ. էս պահի դրությամբ կարամ ասեմ, որ ոչ, չկա, ու ամեն ինչ դեռ օրենքի շրջանակներում ա: Բայց թե ինչպես հետագայում իրանց կդրսևորեն համապատասխան մարմինները՝ դատախազություն, քննչական ծառայություն և այլն, դրանից արդեն պարզ կլինի էս ամենի քաղաքական ենթատեքստ ունենալը: Հնարավոր ա՝ էս ամենը օգտագործվի իմ դեմ հետագայում, բայց դեռ վաղ ա ինչ-որ բան ասել»,- գրել է Օհանյանը:
Ինչ վերաբերում է գողության դեպքին, Օհանյանի կարծիքով, իր դեմ մեղադրանքը թյուրիմացության արդյունք է։ Նա ասում է, որ գնել է չինական պլանշետ, որը, ինչպես հետագայում պարզվել է, գողացված էր:
«Ուրեմն Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ «Մագնիտ» սուպերմարկետ, որտեղ տեսա վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ էկել խանութում, հետո դրել եմ տեղը: Հետո, իմ առևտուրը անելուց հետո, դուրս գալուց խանութի պահնորդները ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրև թե ինչ-որ խնդիր կա՝ կապված կասսայի ու իմ գնած ապրանքների հետ: Իրանց սենյակում խնդրեցին մոտիս իրերը հանեմ դնեմ սեղանին: Հանելուց հետո հարցրին, թե որտեղից էս պլանշետը, ասեցի, որ դրսում եմ գնել: Սրանք ասեցին, որ իրանց մոտից էդ պլանշետից են գողացել ու հիմա մտածում են, որ գողը ես եմ»,- գրել է Օհանյանը:
Նրա խոսքով՝ իրեն չեն հավատացել ոչ խանութի աշխատակիցները, ոչ ոստիկանները:
«Հետո արդեն տարան КПЗ (Ձերբակալվածների պահման վայր), 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց ստացվեց նենց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ խի, ասեցին՝ ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան,հ ետագա գլախացավանքից խուսափելու համար»,- գրել է Օհանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից