Հայաստանի Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միութենական արժույթին անցնելու նպատակով:
«Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի, – երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: – Նույնը կարող եմ ասել ծրագրերի մասին, որ այս պահի դրությամբ նման ծրագրեր, նման քննարկումներ Կենտրոնական բանկում չկան», – հավելեց նա:
«Ազատությունը» հիշեցնում է, որ երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։
Անցած տարի «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից: