2014 թվականի ընթացքում Հայաստանի քաղաքներից ամենափոշոտ օդը Գյումրիում է եղել, իսկ ծծմբի երկօքսիդով հատկապես հագեցած է եղել Ալավերդիի օդը: Ինչպես նշում է ecolur.org֊ը, այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տեղեկանքում զետեղված տվյալները։
Փաստաթղթում ներկայացված են Երևան, Գյումրի, Արարատ, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք գյուղում արված օդային ավազանի դիտարկման արդյունքները:
Գյումրիից հետո ամենափոշոտ օդով քաղաքն Արարատն է եղել, մինչդեռ ոսումնասիրված մյուս համայքներում փոշու նորմայի գերազանցում 2014 թվականին չի արձանագրվել:
Դիտարկումների համաձայն` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան Ալավերդիում գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԿ) 3.1 անգամ: Ալավերդիին հաջորդել է Գյումրին, որտեղ ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1,5 անգամ: Երրորդ տեղում հայտնվել է Վանաձորը, որտեղ ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.2 անգամ:
Տեղեկանքի համաձայն` Երևան, Հրազդան, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք գյուղում մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի տարեկան միջին պարունակությունը չի գերազանցել ՍԹԿ-ն:
Ecolur.org֊ը նշում է, որ Քաջարանում, որտեղ շահագործվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, բնակիչները բողոքում են պղնձով և մոլիբդենով հագեցած փոշուց, սակայն տեղեկանքում Քաջարանի օդում փոշու պարունակության վերաբերյալ տվյալներ չկան։