Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը հնարավոր է համատեղել: Այս մասին այսօր Երևանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը:
Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության և գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:
Մենք կարևորում ենք քաղաքացիների շփումները խթանելու և ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Ակնկալում ենք նաև խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ-ի հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի ձևավորել նոր մոտեցումներ և ապահովել ՀՀ քաղաքացիների համար տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից փոխադարձաբար լավագույնս օգտվելու հնարավորություն։
«Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում է թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել և իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ», ֊ հայտարարել է Սարգսյանը: