ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին ծեծելու մեջ կասկածվող Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ ուրիշի առողջությանը թեթև վնաս հասցնելը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
«Նախաքննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետևանքով Ա.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտավորությամբ մեկ ուրիշին առողջությանը թեթև վնաս պատճառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Մանուկյանի բնակության վայրում՝ Սոսեի 2/2 հասցեում գտնվող շենքի շքամուտքում տղամարդը հարձակվել էր պատգամավորի վրա, ոչինչ չասելով՝ դեմքին հարված է հասցրել ու փախել։ Մանուկյանի դեմքին՝ աջ աչքի շրջանում, պատռվածք է եղել։
News.am կայքի աղբյուրների համաձայն, «Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին․ նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել և հարվածել դեմքին»: Կայքում տեղադրված նյութի նախնական տարբերակում նաև նշված է եղել, որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերը և ադրբեջանցիները հայերին ծաղրել են՝ ասելով, թե «ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում և հայհոյում են նախագահին: Արշակը պատմել է, որ այդ խոսքերը իրեն «թասիբի են գցել» և, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները և հնչեցրած խոսքերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Հետագայում նյութից ադրբեջանցիների կողմից ծաղրի ենթարկվելու մասը հանվել է։