Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից թերթին հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում, և ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը:
«Երեկ էլ «Ֆեյսբուքում» գրառումներ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը»,– նշում է թերթը։