Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն՝ հիպոտեկային վարկառուի տոկոսները եկամտային հարկի գումաներից վճարվում են պետության կողմից։
«168 ժամ» պարբերականի լրագրող Բաբկեն Թունյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է թաքնված օրենքի տակ։
Թունյանն օրենքի գործողության կենցաղային օրինակ է բերում․ երիտասարդ ամուսնական զույգը ցանկանում է գնել 24 միլիոն դրամ (մոտ 50 հազար դոլար) արժողությամբ բնակարան։ Ամուսինները միասին ստանում են ամսական մոտ 500 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձ (ներառյալ հարկերը)։ 300 հազար դրամ ամուսնու աշխատավարձն է, 200 հազար դրամ՝ կնոջ աշխատավարձը։ Հարկերը հանելուց հետո մնում է առավելագույնը 380 հազար դրամ։ Եթե գնեն 24 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, բանկը կարող է վարկավորել այդ գումարի 70 տոկոսի չափով՝ 16.8 միլիոն դրամ (իհարկե, ենթադրվում է, որ ամուսիններն ունեն 7.2 միլիոն դրամ կանխավճարը)։ Եթե վարկը տրամադրվում է ստանդարտ պայմաններով՝ 10 տարով և 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ամսական մարումը կազմում է շուրջ 240 հազար դրամ։ Ծանոթները զույգին ասում են, թե հիպոթեքային վարկը կարող են մարել եկամտային հարկի հաշվին։ Ամուսնու աշխատավարձից եկամտային հարկը կազմում է ամսական 76 հազար դրամ, կնոջը աշխավարձինը՝ 50 հազրա։ Միասին՝ 126 հազար դրամ, իսկ դա նշանակում է, որ ամուսինները կատարում են ամսական վճարումները բանկին, իսկ պետությունը եռամսյակը մեկ նրանց վերադարձնում է վճարած եկամտահարկը։ Մարդիկ, փաստորեն, 126 հազար քիչ են «դուրս տալիս»։
Հոդվածագիրը նշում է, որ ամուսինների ոգևորությունը շատ արագ մարում է, քանի որ, համաձայն օրենքի, տունը պետք է գնել նորակառույցում, ինչը ավելի թանկ է մոտ 10-15 հազար դոլարով, քանի որ նման դեպքերում գնի մեջ ներառված է 20 տոկոս ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Եթե անհատ բնակարանատերը պատրաստ է 3 սենյականոց բնակարանը վաճառել 50 հազար դոլարով, ապա կառուցապատողը այդ նույն բնակարանը կարժենա նվազագույնը 60 հազար դոլար։
«Հիմա պա՞րզ է, թե ինչու է այս արտոնությունը տարածվում միայն կառուցապատողներից բնակարան ձեռք բերելու վրա։ Ըստ օրենքի հիմնավորման՝ այն նպատակ ունի ոչ միայն մատչելի դարձնել բնակարանով ապահովվածությունը, այլև խթանել շինարարության ոլորտի աճը։ Սակայն ոչ պակաս կարևոր (երևի ամենակարևոր) պատճառն այն է, որ կառուցապատողից գնելու դեպքում պետությունը «գլխանց» ստանում է իր բաժինը՝ ԱԱՀ֊ի տեսքով։ Այսինքն, հիմա ձեզանից վերցնում է 5,10 կամ 15 հազար դոլար, հետո դա մաս֊մաս «դուրս է գրում» ձեր վճարած հարկից։ Իհարկե, դա էլ վատ չի։ Ինչպես ասում են՝ չեղածից լավ է։ Սակայն դա վկայում է այն մասին, որ օրենքի հեղինակներն անկեղծ չեն հիմնավորումների հարցում և «մոռանում են» ԱԱՀ կոչված բաղադրիչի մասին», ֊ գրում է Բաբկեն Թունյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում