Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Վրաստանի փոստ» ՍՊԸ֊ի՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում գտնվող պահեստում հայտնաբերել են տրամադոլ և ապաուրին տեսակի դեղամիջոցների մեծ չափաբաժին՝ 209,4կգ, հայտնում է Georgia Online կայքը։
Բեռը տարանցիկ ճանապարհով ժամանել էր Սլովենիայից և փոխադրվում էր Հայաստան։
«Բեռն ուղեկցողների փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ բեռի մեջ, որը պետք է ընդունվեր Հայաստանում գրանցված ընկերության կողմից, գտնվում են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ՝ ապաուրինի լուծույթ (Apaurin solution 10mg)` 3 հազար տուփ, տրամադոլի լուծույթ (Tramadol solution 100mg/2ml)` 500 տուփ, և տրամադոլի հաբեր՝ 300 տուփ»,֊ ասված է ծառայության՝ ապրիլի 29֊ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Կայքն ընդգծում է, որ Վրաստանի՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մասին օրենքի համաձայն, տրամադոլը համարվում է թմրանյութ, հետևաբար, տվյալ դեղամիջոցի տարանցիկ փոխադրումը Վրաստանով արգելված է։
Հայաստանում տրամադոլն ու ապաուրինը հոգեմետ նյութեր են համարվում, դրանք տրամադրվում են միայն դեղատոմսով։