ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» հայեցակարգին, նշում է ՀՀ կառավարության կայքը։
Պրոբացիայի կիրառումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունն ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է:
Ըստ հայեցակարգի, այդպիսի ծառայություն է ստեղծվելու ՀՀ արդարադատության նախարարության կազմում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակության մասնակիցների մի մասն այն կարծիքի էր, որ պրոբացիայի սկզբունքները պետք է ներդնել ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ հարցը դեռ քննարկվելու է և որևէ հրատապ որոշում չի կայացվելու:
«Կարծում եմ, որ այս ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա հիմք չի տալիս, որ մենք շտապենք և սխալ թույլ տանք: Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը և այն տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում», – նշել է վարչապետը: