Ադրբեջանցի լրագրող Թուրալ Մուստաֆաևը, ում բողոքի հիման վրա ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանում նրա նախկին գործընկեր Հադիջա Իսմայլովան, տեսաուղերձ է հղել, որում պնդում է՝ ինքն Իսմայլովային զրպարտել է իրավապահ մարմիններին ճնշման տակ։
Մուստաֆաևը պատմում է, որ 2014 թվականի հոկտեմբերի 20֊ին իսկապես փորձել է ինքնասպան լինել՝ թույն ընդունելով։ Տվյալ միջադեպի քննության ընթացքում Բաքվի դատախազության պետի առաջին տեղակալ Ազեր Ասքերովն ու քննիչ Վագիֆ Սուլեյմանովը, լրագրողի պնդմամբ, իրեն ստիպել են ցուցմունքում գրել, թե ինքնասպանության փորձի իրեն դրդել է Իսմայլովան։
Ընդ որում, Մուստաֆաևին սպառնացել են գաղտնի տեսագրությամբ, որն Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն իրականացրել են նրա բնակարանում․ «Ինձ ասացին, որ եթե չհամաձայնեմ ցուցմունք գրել, ապա տեսագրությունը կտարածվի։ Այդ տեսագրության վրա կան բազմաթիվ մարդիկ, որոնց անունները տալ չեմ ցանկանում»,֊ ասել է Մուստաֆաևը։
2014 թվականի դեկտեմբերի 27֊ին լրագրողը «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրել էր, որ Իսմայլովայից որևէ պահանջ չուներ ու ցանկանում էր մեկնել Մոսկվա, սակայն դատախազությունը երկրից նրա ելքի վրա արգելք էր դրել։ Այնուհետև ԱԱՆ աշխատակիցները Մուստաֆաևին պահել են տնային կալանքի տակ, ու լրագրողի խոսքով, մինչև փետրվարի 14֊ը ծեծի ենթարկել՝ պահանջելով չհրաժարվել Իսմայլովայի դեմ բողոքից։
Փետրվարի 14֊ին Մուստաֆաևին տարել են հոգեբուժարան, որտեղ ստիպել են հոգեմետ դեղեր ընդունել։ Դա շարունակվել է մինչև փետրվարի 28֊ը, որից հետո նրան ուղարկել են ծնողների տուն։
Ապրիլի 8֊ին Մուստաֆաևը նամակ է հասցեագրել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ նշելով, որ հրաժարվում է Իսմայլովայի դեմ բողոքից ու խնդրելով վերացնել երկրից դուրս գալու արգելքը։ Իր տեսաուղերձում լրագրողը նաև հայտարարում է, որ, ի հավելումն, հատուկ ծառայությունները «հավաքագրել են» իր բնակարանում արված տեսագրությունում առկա մարկանցից մի քանիսին։
Մուստաֆաևը հավելում է, որ իրեն սպառնացել են Հակաահաբեկչական կենտրոնի պետ Իլգար Ալիևն ու աշխատակից Ազեր Մեջիդովը՝ ասելով, որ լուրջ խնդիրներ կունենա, եթե հետ վերցնի բողոքն Իսմայլովայի դեմ։ Այնուամենայնիվ, Մուստաֆաևը շարունակում է պնդել, որ հրաժարվում է բողոքից։
Մայիսի 4֊ին ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում լրագրողն ասել է, որ մայիսի 5֊ի առավոտյան ժամը 10։00֊ին իրեն կանչել են Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչություն։
Մուստաֆաևը փաստաբան է փնտրում, որպեսզի նրա հետ ներկայանա հարցաքննության։