Հայաստանը շարունակելու է տառապել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ առկա են ռուսաստանյան զորքեր։ «Այլախոհանոց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել խորհրդային այլախոհ, ռուսաստանցի իրավապաշտպան, լրագրող ու հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ պատասխանելով «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հարցերին։
մարդու իրավունքների խախտման աղբյուրը միշտ իշխանությունն է
֊ Վերջին շրջանում «իրավապաշտպան» հասկացությունն ինչ֊որ չափով հեղինակազրկվել է Ռուսաստանում։ Ես խոսում եմ Ռուսաստանի մասին, բայց դա կարող է ավելի լայն տարածում ունենալ։ Ես մի փոքր անհարմար եմ զգում, երբ ինձ անվանում են իրավապաշտպան։ Իրավապաշտպանները կրեմլյան ինչ֊որ կազմակերպություններ են, խորհուրդներ, կլոր սեղաններ, որոնք իշխանությունների հետ ինչ֊որ բաներ են կազմակերպում։ Ես փորձում եմ հեռու մնալ այդ սահմանումից։ Նրանց հետ ես որևէ առնչություն չունեմ։ Երբ բոլորին նույն բառով են որակում, մի փոքր անհարմար է ստացվում։ Ես չունեմ ոչ ուժ, ոչ ցանկություն պայքարելու, թե իրավապաշտպանը ես եմ, իսկ դուք՝ Կրեմլի ծառայողներ։ Եթե ուզում են իրենց իրավապաշտպան անվանել, թող անվանեն։ Այդ դեպքում ես մի փոքր այլ կերպ կկոչվեմ։
Ես դեմ եմ, որպեսզի մարդիկ, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու ունեն դրանք պաշտպանելու իրական հնարավորություն, զբաղվեն պալիատիվ գործունեությամբ՝ անբնական, կրեմլամետ։ Նրանք բավական մեծ կախվածություն ունեն Կրեմլից։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ մարդու իրավունքների խախտման աղբյուրը միշտ իշխանությունն է։ Պաշտպանել մարդու իրավունքներն ու համագործակցել իշխանությունների հետ՝ շահերի բախում է առաջանում։ Հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները՝ դիմակայելով իշխանություններին, ու, միաժամանակ, նրանց հետ բավական սերտ հարաբերություններ հաստատել։ Այս իմաստով, նման խորհուրդների գոյությունն ավելի շատ խարդախություն է, քան մարդու իրավունքների պաշտպանություն։ Չնայած, հավանաբար, պետք է լինեն նաև մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով։ Ես նրանց իրավապաշտպան չէի անվանի ու նրանց չէի դարձնի իրավապաշտպանական գործունեության օրինակ։
֊ Մոսկվան սատարում է անջատողականությունն Ուկրաինայում։ Որքա՞ն ժամանակ Մոսկվան կարող է գոյություն պահպանել նման պայմաններում։
֊ Դա սահման չունի, դրա համար որևէ ժամկետներ չկան։ Ռուսաստանը, ավանդաբար, ագրեսիվ երկիր է․ արտաքին էքսպանսիան միշտ եղել է դրա քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Այն միշտ ընդարձակվել է՝ իրեն միացնելով նոր շրջաններ, նոր տարածքներ, նոր հողեր։ Ու դա շարունակվում է նաև այսօր։
֊ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա։ Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ ասել են, որ նրանք այստեղ են՝ մեզ պաշտպանելու։ Կարծում ես՝ հնարավո՞ր է իրավիճակ, երբ չորրորդ նախագահը [ռուսներին] ասի՝ վերջ, տղերք, շնորհակալություն, կարող եք գնալ։ Նրանք կգնա՞ն։
֊ Ոչ։ Հայաստանը շարունակելու է տառապել, քանի դեռ այնտեղ գտնվում են ռուսաստանյան զորքեր։ Դա երաշխավորված է։ Ցանկանում եմ հիշեցնել, որ անեքսիայի գործիքները բավական նմանատիպ էին․ համենայնդեպս, քսաներորդ դարի պատմության մեջ։ Օրինակ, [19]39 թվի պայմանագրի համաձայն, Լիտվայում, Լատվիայում ու Էստոնիայում տեղակայվեցին խորհրդային ռազմաբազաներ՝ Կարմիր բանակի զինվորների 25 հազարանոց զորախմբերով, Լիտվայում՝ 20 հազար։ Իսկ [19]40֊ի ամռանը, երբ Մոսկվայից համապատասխան հրաման ստացվեց, նրանք նպաստեցին անկարգություններին, ապստամբությանը, տապալեցին ազգային կառավարությունները, և արդեն օգոստոսին այդ հանրապետությունները միացվեցին Խորհրդային միությանը։ Ռազմական բազայի դերը դա է։ Նույնը տեղի ունեցավ նաև Ղրիմում, որտեղ, ի դեպ, նույնպես 25 հազարանոց զորախումբ էր տեղակայված։ Փետրվարին սկսվեցին անկարգությունները Ղրիմում, իսկ մարտին այն արդեն դարձավ Ռուսաստանինը։ Հայաստանում առկա զորախումբը քանի՞ զինվորից է բաղկացած։
֊ Հինգ հազար։
֊ Ձեզ համար հինգ անգամ ավելի հեշտ կլինի։
֊ Մեր պետությունը հինգ անգամ ավելի փոքր է։
֊ Դա նույնպես ճիշտ է։ Ռուսաստանի օգնությունը նման է ռեկետիրի օգնության․ գալիս է գործարարի մոտ ու ասում՝ «ես քեզ կպաշտպանեմ»։ Իսկ ումի՞ց ես ինձ պաշտպանելու։ Արտաքին թշնամիներից։ Ես արտաքին թշնամիներ չունեմ։ Չունես՝ կունենաս։ Տես՝ այստեղ արդեն արտաքին թշնամի ունես։ Նրան նման ինչ֊որ բան ես ցուցադրում, ու նա մտնում է քո հսկողության տակ։ Նույնն է իրավիճակը նաև ռուսաստանյան օգնության հետ։ Ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Ռուսաստանի գլխին կանգնած է հանցավոր խմբավորում, որի համար դա լիովին բնական է։ Նրանք անգամ իրենց հասկացություններն ունեցող քրեական տարրեր, հանցագործներ չեն, այլ՝ թափթփուկներ պիտերյան դռնատակերից։
֊ Դու ծանոթ ես Ղարաբաղյան խնդրին, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Այն լուծելի՞ է։
֊ Խնդիրը լուծելի է, եթե այն ցանկանային լուծել։ Սառեցված հակամարտությունները շատ երկրների համար բավական հարմար երևույթ է։ Թե ագրեսիվ երկրների համար, որոնք նպաստում են այդ հակամարտությունների առաջացմանը, թե՝ խաղաղապահների, որոնք նույնպես անմասն չեն։ Խնդիրը, իհարկե, լուծվում է անջատողականության օրինականացման ճանապարհին։ Ես բազմիցս ասել եմ, որ միջազգային հանրությունը պետք է միջազգային չափանիշներ, իրավական նորմեր մշակի անջատողականության համար, փոքր տարածքը մեծ տարածքից անջատելու համար։ Դա պետք է մտցվի իրավական դաշտ, պետք է լինի միջազգային կոնվենցիա, պետք է լինի միջազգային հսկողություն, չափանիշներ, որոնք թույլ կտան ժողովուրդներին, կամ պարզապես մարդկանց, ովքեր բնակվում են որոշակի տարածքում, անջատվել հիմնականից։ Կարծում եմ, որ ապագայում աշխարհը դրան կգա։ Միջազգային ռազմական հակամարտությունների մեծամասնությունը տեղի է ունենում հենց այդ հողի վրա՝ ինչ֊որ մեկը չի ցանկանում ապրել մյուսի հետ։ Սերը ստիպողաբար չի լինում, պետք է առանձնանալ։ Իսկ առանձնացման գործընթացը պետք է օրինականացվի։
֊ Քո վերջին հաղորդումները նվիրված էին լյուստրացիային։ Կարծում ես՝ հետխորհրդային երկրներում դա անհրաժե՞շտ է։
֊ Միանգամայն։ Առաջինը՝ պետք է ընդունել լյուստրացիայի մասին օրենք։ Նման օրենքը վերջակետ է դնում տոտալիտար պատմությանն ու ամրապնդում տոտալիտար ռեժիմի դատապարտումը։ Սա լյուստրացիայի մասին օրենքի կարևորագույն գործառույթներից է։ Մյուս գործառույթն է, իհարկե, թույլ չտալ պետական կառավարման ղեկին, իշխանության բարձրագույն մարմիններում այնպիսի մարդկանց ներկայությունը, ովքեր եղել են տոտալիտար ռեժիմի հիմնական դեմքերը, քանի որ նրանք, ակնհայտորեն, վարելու են նույն քաղաքականությունը, նույնիսկ եթե խոսում են իրենց ժողովրդավարական հայացքների մասին, նույնիսկ եթե, իսկապես, ցանկանում են տեսնել ժողովրդավարական երկիր․ նրանք դա չեն կարող անել՝ ելնելով կյանքի փորձից, ավանդույթներից, մեթոդներից, որոնցով նախկինում գործել են։ Դրա օրինակն է ելցինյան Ռուսաստանը։ Կարծում եմ՝ Ելցինը հենց այդպիսի մարդ է․ միգուցե, իսկապես, ցանկացել է տեսնել Ռուսաստանը որպես ժողովրդավար երկիր, սակայն անել որևէ բան նա չէր կարող, քանի որ նա մի մարդ է, ով ողջ կյանքը ծառայել է կոմունիզմին։
֊ Իշխանություններին քննադատորեն վերաբերվող բազմաթիվ ռուսաստանցի լրագրողներ, հրապարակախոսներ ու այլ գործիչներ սայթաքում են հենց նույն Կովկասի հետ կապված հարցերում։ Նույն ինքը՝ Խոդորկովսկին, օրինակ, հավակնում է լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ միաժամանակ հայտարարելով, որ կգնա կռվելու հանուն Կովկասի։
֊ Այստեղ մի քանի հարց կա։ Առաջինը՝ ռուսաստանցի լրագրողների ու քաղաքական գործիչների վերաբերմունքը, որոնք ձգտում են լինել ընդդիմադիր։ Այդ կայսերական վիրուսը շատ վարակիչ երևույթ է։ Ու պետք է շատ երկար մտածել ու երկար ապրել ու, հավանաբար, շատ փորձությունների միջով անցնել հասկանալու համար, որ կայսրությունը Ռուսաստանի համար անհեռանկար է, որ Ռուսաստանի ապագան չի կարող լինել հաջող, եթե այն լինի կայսերական։ Ցավոք, թե լրագրողները, թե քաղաքական գործիչները, այսինքն՝ մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցերով, ի վիճակի չեն դա հասկանալու։ Մասամբ այն պատճառով, որ այն այնքան է ներթափանցել ռուսաստանյան մտածելակերպի մեջ, որ դրանից շատ բարդ է ձերբազատվել։ Ես միշտ ասել եմ, որ նախկին խորհրդային երկրները, որոնք գնում են ժողովրդավարության ճանապարհով, որոնք ցանկանում են ազատվել կայսրությունից, ապրել անկախ կյանքով, դա անելու համար պետք է առանձնանան Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանը պետք է պոկվի իր ներքին ինքնությունից, ինչն էլ ավելի բարդ է։ Այն պետք է հաղթահարի իր սեփական պատկերացումները փառավոր պատմության, պատմական հաղթանակների մասին, հասկանալ, որ այլոց հողերի գրավումն ու հարևան երկրների նվաճումը հերոսություն չէ, այլ՝ պարտություն․ պատմական տեսանկյունից դա պարտություն է։ Իսկ դա բավական բարդ է։
Խոսում եք Խոդորկովսկու մասին։ Խոդորկովսկին հավակնում է լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց նման հավակնությունները, իմ կարծիքով, ամենևին խելքին մոտ չեն։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները երկրից չեն փախչում, ընդհակառակը, վերադառնում են երկիր, ցանկանում են մասնակցել ընդդիմությանը։ Ի՞նչ ընդդիմություն սահմանից այն կողմ։ Եվ հետո, նրա, ժամանակ առ ժամանակ, կայսերական արարքները՝ թե կգնա պաշտպանելու Կովկասը, թե Ղրիմն այլևս Ռուսաստանինն ու այն հնարավոր չէ վերադարձնել․․․ Ինչո՞ւմն է խնդիրը։ Ինչո՞ւ հնարավոր չէ։ Պատճառները չեն բացատրվում։ Դա, իհարկե, չի վկայում այն մասին, որ նա քաղաքական առաջնորդ է։ Կասկածում եմ, որ նա կարող է քաղաքական առաջնորդ լինել, համենայն դեպս՝ ընդդիմադիր։