Այսօր Հայաստանում գործող գազալցակայանների մոտ կանգնելը, մեքենան լիցքավորելը և անգամ գազալցակայանի կողքով անցնելը վտանգավոր է: Հաշվի առնելով այն, թե ինչպես է վերահսկվում դրանց տեխնիկական անվտանգությունը, կարելի է ասել, որ գազալցակայանից օգտվելը յուրաքանչյուրի համար կարող է ճակատագրական լինել, գրում է «Ժողովուրդը»։ Թերթի փոխանցմամբ՝ նախօրեին դա ճակատագրական եղավ Գառնիի 24-ամյա բնակիչ Ռոման Սիմոնյանի համար, ով աշխատում էր Գառնիի մոտակայքում գործող գազալցակայանում:
Դեռևս մայիսի 12-ին Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել էր գազալցակայանի տանիքը: Բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել: Սակայն երկու օր անց՝ մայիսի 14-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի ունեցած պայթյունն արդեն մարդկային կյանք խլեց. գազալցակայանի երիտասարդ աշխատակիցը տեղում մահացավ, իսկ մի վարորդ էլ մարմնական վնասվածք ստացավ: Թերթը հիշեցնում է, որ գազալցակայաններում պայթյուններ եղել են նաև նախորդ տարվա ընթացքում, ընդ որում` դարձյալ մարդկային զոհերով:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ Գառնի գյուղի մոտակայքում գործող գազալցակայանը պատկանում է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, իսկ ՍՊԸ-ի տնօրենն է Արտաշես Մկրտչյանը, ով գյուղապետի ազգականն է: Պարզվեց, որ նախքան այս դեպքն արդեն Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը այս գազալցակայանի հետ կապված հասցրել է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Նա տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսևորելով անգործություն: Մասնավրապես՝ նա միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս:
2014 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել էր երեք քրեական գործ՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու և հափշտակելու հատկանիշներով։ Հարուցված երեք գործերը միացվել էին մեկ վարույթում, իսկ Գառնի համայնքի ղեկավար Վարդանյանը գործում ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Սակայն հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել էին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում