Տավուշի մարզի Աղավնավանք, Գոշ, Դիլիջան, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին, Հովք համայնքներում մայիսի 17-ին քվեարկում էին համայնքների խոշորացման հարցի վերաբերյալ: Մարզում, սակայն, հանրաքվեն ոչ մեկին չէր հետաքրքրում, բացառությամբ այն համայնքների, որոնք պետք է միավորվեն կամ չմիավորվեն: Դեռևս մայիսի 16-ին Epress.am-ի լրագրողները մարզկենտրոն Իջևանի բնակիչների հետ զրույցների ժամանակ պարզեցին, որ հանրաքվեի անցկացման մասին շատերը նույնիսկ տեղյակ չեն: Տեղյակներից շատերն ասում էին, որ դա իրենց չի հետաքրքրում: Դիտարկմանը, թե ներկայիս հանրաքվեն պիլոտային ծրագիր է, և հետագայում իրենց համայնքներն էլ կարող են միավորել, մարդիկ գրեթե միշտ նույնօրինակ պատասխան էին տալիս. «Հոգսերը շատ են, ժամանակը կգա, կմտածենք»: Մարզի անցուդարձին լավատեղյակներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց, որ ինչ-որ բան սպասելն անիմաստ է՝ մասնակցության բարձր տոկոս չի գրանցվելու, մարդիկ իշխանություններից ոչ մի դրական բան չեն ակնկալում, հանրաքվեն էլ իրականում անիմաստ է, քանի որ միավորման մասին քաղաքական որոշում կա, ու դա չի թաքցվում: Նա ասաց, որ Տավուշի մարզպետարանից և Երևանից եկած չինովնիկները տեղերում անգամ լուրջ ճնշումներ չեն գործադրել: Մեր զրուցակիցներից ևս մեկը վստահեցրեց, որ համայնքները միավորվելու են, անգամ եթե ոչ մի բնակիչ կողմ չքվեարկի, որովհետև «եվրոպաներից գրանտը ստացել են ու պետք ա օգտագործեն»:
Հետաքրքրության բացակայություն
Հանրաքվեի օրը՝ մայիսի 17-ին, մենք ականատես եղանք նախորդ օրվա կանխատեսումների իրականացմանը: 6 գյուղերում Դիլիջանին միանալ չէին ցանկանում: Համայնքներում հանրաքվեից ու բնակիչներին լավ կյանք խոստացողներից հույսեր չկային, քվեարկությանը քչերն էին մասնակցում, ինչը պայմանավորված էր մի քանի գործոններով։ Նախ՝ գյուղացիները վիրավորված էին, որ իրենց քվեարկությունը ձևական բնույթ է կրում։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ավելի վաղ ասել էր, որ թեև հանրաքվեն պարտադիր է, այն միայն խորհրդատվական նշանակություն ունի․ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ համայնքների միավորման հարցերի մասին վերջնական քաղաքական որոշումը կարող է ԱԺ-ն ընդունել։
Անորոշություն և անպատասխան հարցեր
Դժգոհության պատճառներից մեկը համայնքների խոշորացման ծրագրի էության անորոշոթյունն ու անպատասխան հարցերն էին։ Թեև կառավարության ներկայացուցիչները մինչ հանրաքվեն մի քանի անգամ այցելել էին համայնքներ և, կարծես, բացատրել՝ ինչու են խոշոր համայնքներն ավելի լավ, քան փոքրերը, գյուղացիների խոսքով՝ իրենց ոչ մի հարցին հստակ պատասխան չի տրվել։
Նրանք հասկացել են, որ, առաջին հերթին, կառավարության համար կարևոր է կրճատել ծախսերը գյուղապետարանները վերացնելու շնորհիվ, բացի դա, գրանտային գումարներով ինչ-որ նախագծեր իրագործել, օրինակ, արտադրական միավորումներ հիմնել, որտեղ կաշխատեն բոլոր համայնքներից մարդիկ:
Նման խոստումներին, սակայն, գյուղը վաղուց լուրջ չի վերաբերվում. ինչպես մեզ ասաց Հաղարծին գյուղի բնակիչներից մեկը, նման բաներ շատ են խոստացել, սակայն ոչ մի բան էլ գյուղի համար չի արվել:
«Չկա մի բան, որ իրենք խոստացել են, ու դա չի կարող ներկայումս անել մեր գյուղապետը», – ասաց նա՝ հավելելով, որ սովորաբար ծրագրերի համար հատկացված հիմնական գումարը վերևները «ուտում են»:
Թե կոնկրետ ինչ նախագծեր կարող են իրականացվել, գյուղացիներին նույնպես չեն ասել:
«Ախր գրված ա՝ «այո», «ոչ», բայց մենք ի՞նչն ենք քննարկում չգիտենք։ Ասում են քվեարկեք, հետո ենք նախագիծը կազմելու», – մեզ հետ զրույցում ասել է Հովքի բնակիչներից մեկը։
Տրանսպորտի խնդիրները լուծում չե՞ն ստանա
Եվս մեկ խնդիր. ինչպե՞ս են նոր ստեղծվելիք համայնքի հեռավոր կետերից կենտրոն հասնելու: Գյուղացիների խոսքով՝ նոր ծրագրով տեղերում 1-2 մարդ պետք է լինի, ով զբաղվելու է թղթաբանական հարցերով, ու Դիլիջան հաճախ գնալու կարիք չի լինի: Գոշ ու Հովք համայնքների բնակիչները միաբերան պնդում էին, սակայն, որ դա արդյունավետ լինել չի կարող. նախ այդ մարդիկ միշտ չէ, որ կարողանալու են բոլոր հարցերին պատասխան տալ, և կենտրոն գնալու անհրաժեշտություն միևնույն է լինելու է, բացի դա, նրանք չէին հավատում, որ այդ ներկայացուցիչների ինստիտուտը երկար կգործի: Մի քանիսը անգամ հիշեցին, թե վաղուց մարզպետարանը նման պրակտիկա էր կիրառում՝ Բերդ, Նոյեմբերյան Իջևանից շաբաթը մեկ-երկու անգամ մարդ էին ուղարկում խնդիրները տեղում լուծելու, հարցերին պատասխանելու համար, բայց այդ պրակտիկան ինչ-որ պահի վերացավ:
Այն, որ տրանսպորտի խնդիրը շատ լուրջ է, մենք կարող էինք հասկանալ Հովք համայնքում՝ առանց բողոքողներին հարցնելու: Միջպետական ճանապարհից համայնքի կենտրոնը գտնվում է 4 կմ հեռավորության վրա, և գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է, վերջին անգամ ասֆալտապատվել է 90-ականներին, հանրային տրանսպորտ չի գործում: Հովքը Դիլիջանից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։ Հովքից Իջևան, որն ավելի մոտ է (17 կմ), դեռ երկու տարի առաջ ավտոբուս էր երթևեկում՝ շաբաթը երկու անգամ, հիմա դա էլ չկա։ Օրվա հացը վաստակելու խնդիր լուծող գյուղացիների համար ամեն անգամ Դիլիջան հասնելը կարող է անլուծելի հարց դառնալ:
Ինքնավարության վերջնական կորուստ
Համայնքներում մարդիկ ցանկանում են գոնե երբեմն ինքնուրույն որոշումներ կայացնել: Խոշորացումից հետո, նրանց կարծիքով, այդ իրավունքն իրենցից վերջնականապես խլելու են:
«Անունս մի գրեք (մեր զրուցակիցներից շատերը խնդրում էին անջատել ձայնագրիչը), բայց ասեմ՝ ես հակա ասող մարդ եմ: Սաղ մեզանից խլում են», – ասաց Հովքի փողոցներից մեկում մեզ հանդիպած մոտ 60 տարեկան մի տղամարդ:
Նրա խոսքով՝ նոր ստեղծվելիք համայնքի ավագանիում իրենց գյուղից, հավանաբար, մեկ ներկայացուցիչ կլինի. «Մյուս՝ ավելի մեծ գյուղից, երկուսը կլինեն, բայց հիմնականում դիլիջանցիք են ավագանու մեջ լինելու: Իմ հարցերը նրանց չեն հետաքրքրի, Հովքի ոչ մի հարց լուծում չի ստանա, էդ նախագծերն էլ հիմնականում Դիլիջանում կանեն»:
Համայնքներից մեկում էլ ասացին, որ Դիլիջանը յուղոտ պատառ է դառնալու, ու արդեն լուրեր են պտտվում, որ հաջորդ քաղաքապետը Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է լինելու:
Հովքի մեկ այլ բնակիչ ասել է, որ կառավարության ներկայացուցիչներն իրենց հետ հանդիպման ժամանակ այդպես էլ չեն հստակեցրել՝ Դիլիջանի հետ կապ պահպանելու համար տեղացի՞ պատասխանտու է նշանակվելու, թե՞ դիլիջանցի. «Գյուղապետը մեր գյուղից է, բոլորին ճանաչում է, ասում ենք՝ հողի հարկի կեսը ամսվա վերջին տամ՝ աշխատավարձին, վարկ ստանամ տամ, համաձայնում է։ Դիլիջան գնամ-հասնեմ, ո՞ւմ ասեմ։ Չտամ՝ տուգանքներ գա՞ վրես»:
Հովքում, Գոշում, Հաղարծինում մեզ հանդիպած բոլոր մարդիկ խոսում էին նաև ոռոգման և խմելու ջրի հարցից, ինչի վերաբերյալ իրենք ևս «վերևներից» հստակ պատասխան չէին ստացել։ Նշված գյուղերում ջրի համար վարձ և ջրաչափեր չկան, քանի որ ջուրն իրենք են սարի աղբյուրներից քաշել-բերել գյուղ, մինչդեռ Դիլիջան քաղաքում՝ կա, և նոր համայնքում գյուղացիներին կարող են պարտադրել վճարել ջրի համար:
«Մեզ չասեցին՝ մեր աղբյուրների վրա հաշվիչ դնելու են, թե՝ չէ։ Խոսակցություններ կա, որ կդնեն։ Հիմա որ մեկի ջրի տրուբեքի հետ պրոբլեմ ա լինում, գյուղապետը գալիս, իրար հետ սարքում ենք։ Հետո ի՞նչ ա լինելու, ես գնամ Դիլիջան, ջրմուղի պետի՞ն ասեմ՝ եկեք, սարքեք»,- ասել է Հաղարծինի բնակիչներից մեկը։
Խնդիր է նաև հողհատկացումը։ Ըստ գյուղացիների՝ համայնքին պատկանող հողերն առանց այն էլ վաճառվում են առանց աճուրդների։ «Մեկ էլ տեսնում ենք՝ մի երևանցի դաչա ա սարքում», – ասել է գոշեցի մի կին՝ մտավախություն հայտնելով, որ դիլիջանցի քաղաքապետը բացարձակապես հաշվի չի առնի համայնքի կարծիքը և «դրսի մարդկանց» հողերը կտա։
Դիլիջանում հիմնականում կողմ են
Ծրագրին հիմնականում դրական են վերաբերվում Դիլիջանում: Ընտրատեղամասերի մոտ մենք զրուցեցինք մի քանի ընտրողների հետ, ովքեր ասացին, թե ուրախ են, որ իրենց քաղաքը մեծանալու է: «Ի՞նչ դա կտա դիլիջանցիներին» հարցի պատասխանը նրանք, սակայն, չունեին:
Երկու երիտասարդ աղջիկ անգամ փորձեին իրավիճակը որպես Դիլիջան-Իջևան հակամարտություն ներկայացնել:
«Այդ գյուղերը մերն են եղել, հետո Իջևանը վերցրել է, հիմա հետ ենք բերում։ Մինչև Իջևան հասնելու ենք», – ասած նրանցից մեկը:
Մեր հարցերին պատասխանած դիլիջանցի ընտրողներից միայն մեկն ասաց, որ միանալու հարցը լավ է գյուղերի որոշմանը թողնել և ոչ թե Դիլիջանին հարցնել:
Դիլիջանն ու մյուսները
Տավուշի մարզում համայնքների խոշորացման վերաբերյալ անցկացվող հանրաքվեն կրկնակի աբսուրդային է: Դիլիջանում ընտրողներն ավելի շատ են, քան բոլոր գյուղերում միասին վերցրած, ու եթե անգամ բոլոր գյուղերը «դեմ» քվեարկեն, իսկ Դիլիջանը՝ «կողմ», անցնելու է մի կարծիք, որը գերիշխող է ընդամենը մեկ համայնքում: Մյուս կողմից էլ, ինչպես վերևում նշել ենք, փոխնախարար Տերտերյանի հայտարարությունն այն մասին, թե կառավարությունը կարող է հաշվի չառնել քվեարկության արդյունքները:
Այդ երկու պատճառով էլ գյուղերում քվեարկության քչերն էին գնում: Հովքում 13:00-ի դրությամբ 40 մարդ էր մասնակցել ընտրելու իրավունք ունեցող մոտ 350-ից: Մեզ ասացին, որ ընտրողներից մոտ 200-ն են ներկայումս գյուղում, մնացածը Ռուսաստանում են, և այդ 200-ի հազիվ 40 տոկոսն ընտրության գար: Հովքի ընտրատեղամասի մոտ 2 երիտասարդի հարցրեցինք՝ արդյոք մասնակցել են, երկուսն էլ բացասական պատասխան տվեցին՝ նշելով, որ չեն պատրաստվում քվեարկել:
Հաղարծինի ընտրատեղամասերից մեկում ժամը 15:45-ի դրությամբ մոտ 250 մարդ էր քվեարկել, մինչդեռ ընտրելու իրավունք ունեցող անձնանց թիվը 1500-ից ավել էր: Տեղամասի մոտ կանգնած գյուղացիները կանխատեսեցին, որ հազիվ 350-400 մարդ գա ընտրելու:
Դիլիջանում էլ, թեև հիմնականում դրական էին տրամադրված խոշորացմանը, մարդկանց հոսք դեպի տեղամասեր չէր նկատվում:
Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ «աչքի ընկան». աղքատ երկրում գումարներ ծախսեցին մի իրադարձության վրա, որի արդյունքն առանց այդ էլ պարզ էր՝ միևնույն ժամանակ ինքնավարությունից վերջնականապես զրկելով 2 տասնյակից ավել համայնքներ:
Քնար Խուդոյան
Արմեն Մելիքբեկյան