Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով Գևորգ Կոստանյանն ի սկզբանե ստանձնել է Խաչատրյանի հովհանավորչությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ դեպքից հետո քննիչը որոշում է կայացրել դադարեցնել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, քանի որ վերջինս մահացել է, և ազատ արձակել Խաչատրյանի որդուն՝ Տիգրանին, և թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին։ Համաձայն պաշտոնական վարկածի, նրանք միջադեպի ընթացքում ինքնապաշտպանության էին դիմել։ Նշենք, որ մինչ Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Կոստանյանին հարց էր ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Փաստորեն, Ավետիք Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել որոշմամբ, այլ ոչ թե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Այս գործով ի սկզբանե ստանձնել եք հովհանավորչությունը: Նույն օրը գործն ուղարկվել էր Պաշտպանության նախարարություն: Դրանից հետո դուք արագ-արագ հրապարակեցիք, թե ինչ է տեղի ունեցել, դա արդեն ձեր կանխակալ վերաբերմունքն էր»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Կոստանյանը պատգամավորի հետ չի համաձայնել․ «Ես չեմ կարող ինձ թույլ տալ նման շռայլություն անվանելու սպանություն կամ չսպանություն: Լավ է, որ դուք իրավաբան եք, և համոզված եմ, որ չէիք անի այդ հայտարորությունները, եթե մի օր նստեիք, այդ որոշումները կարդայիք, քանի որ ես վստահ եմ ձեր պրոֆեսիոնալ կարողությունների վրա: Այդ որոշումներում ամեն կետի վերաբերյալ կա սպառիչ պատասխան թե՛ փաստական հանգամանքների, թե՛ դրանց իրավական գնահատականների մասով»,- ասել է Կոստանյանը:
Գլխավոր դատախազը հորդորել է այն պատգամավորներին, որոնք ուզում են օգնել արդարադատությանը, գնալ, մասնակցել գործով բաց դատավարությանը:
«Գործը մրցակցային դատարանում է, կարող եք գնալ նստել, փաստաբաններին օգնել ձեր խորհուրդներով, հետո կա նաև Եվրոպական դատարան»,- ասել է Կոստանյանը: