Արարատի մարզի Արմաշ և Այգավան համայնքները Արարատի ցեմենտի գործարանի կողմից վճարվող բնապահապանական վճարներից մասհանումներ չեն ստանում, չնայած գտնվում են գործարանի անմիջական ազդեցության գոտում: Ինչպես նշում է Օրհուս կենտրոնի կայքը, այս մասին Արարատի և Երևանի Օրհուս կենտրոնների համակարգողները տեղեկացել են մայիսի 18-ին վերոնշյալ համայնքներում իրազեկման միջոցառումների անցկացման ժամանկ։
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն համայնքները, որոնք գտնվում են աղտոտող ձեռնարկության անմիջական ազդեցության գոտում, համարվելով տվյալ աղտոտումից ազդակիր համայնքներ, աղտոտող ձեռնարկության կողմից վճարվող բնապահպանական վճարներից կարող են ստանալ նպատակային միջոցներ և օգտագործել տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար:
Օրհուս կենտրոնը նշում է, որ երկու համայքն էլ ներգրավված չեն որպես ազդակիր համայնք, ավելին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նույնիսկ տեղեկացված չեն եղել, որ նման հնարավորություն կա:
Արարատի մարզից ազդակիր համայնքների ցանկում ընդգրկված է միայն Արարատ քաղաքը, մինչդեռ, ինչպես նշում են Կենտրոնի փորձագետները, գործարանի փոշուց զուրկ չեն նաև հարակից համայնքները:
Օրհուս կենտրոնի համակարգողները պատրաստակամություն են հայտնել օգնել անհրաժեշտ քայլերի ձեռնարկման գործում, որպեսզի այդ համայնքներն նույնպես ընդգրկվեն ազդակիր համայնքների ցանկում: