Ստեփանակերտի օդանավակայանը ավիացիոն պահանջներով կարող է յուրաքանչյուր պահի թռիչքներ իրականացնել, սակայն դա անելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։
Նա նշել է, որ օդանավակայանը կարող է գործել առանց ԼՂՀ֊ի ճանաչման, եթե «բարի ցանկություններ ունենան մեր ժողովրդի նկատմամբ»։
«Կարող են մեր քաղաքացիական ինքնաթիռներին թույլ տալ թռչել՝ սահմանափակումներ մտցնելով և այլն։ Օրինակ՝ Թուրքիայով Կիպրոս թռնում են, թեև Հյուսիսային Կիպրոսը ճանաչված չէ, Կիպրոսի ժողովուրդը հնարավորություն ունի ամբողջ աշխարհով թռչել։ Իսկ մենք թեկուզ Երևան իրավունք չունենք»,- ասել է Ադբաշյանը։
Քաղավիացիայի վարչության պետի խոսքով՝ դա կախված է Ադրբեջանի բարի կամքից, որը վերջինս չի դրսևորում։
«Մեզ մոտ միջազգային տարբեր կազմակերպություններից մարդիկ էին գալիս, հարցնում էին, ես բոլորին բացատրում էի՝ դուք ընդունել եք Մարդու իրավունքների հռչակագիր, Հայաստանն էլ է ստորագրել, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ։ Այդ հռչակագրում գրված է, որ մարդկանց իրավունքները կապ չունեն այն տարածքի կարգավիճակի հետ, որտեղ այդ մարդն ապրում է։ Ճանաչված է, ճանաչված չէ այդ տարածքը՝ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու իրավունք։ Հիմա ասում եմ՝ ինչո՞ւ Ղարաբաղի ժողովուրդը իրավունք չունի շարժվել, ասում են, դե, դուք գիտեք, որ Եվրոպայում գործում են կրկնակի ստանդարտներ», ֊ եզրափակել է Ադբաշյանը։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում