Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչները մայիսի 30-ին նամակ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ խնդրելով բացատրել ինչու նախարարություն բացասական եզրակացություն չի տալիս գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրի շահագործման նախագծին։ Նամակը, որի տակ ստորագրել է նաև գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը, հրապարակել է ecolur.org֊ը։ Նշենք, որ ավելի վաղ հանրային խորհդրից Նովիկովին վստահեցրել էին, որ հանքը չի շահագործվի։
«Մենք՝ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներս (գյուղում ապրում են մոլոկաններ-խմբ․), 2014 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ կտրականապես մեր անհամաձայնությունն ենք հայտնել Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Նախագծի տարածքը գտնվում է անմիջապես մեր տների, արոտավայրերի և մարգագետինների կողքին: Նախագիծը պարունակում է ռիսկեր՝ կապված հողի և ջրի աղտոտման հետ, որոնք Ֆիոլետովոյի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներն են:
Մեր բողոքը մենք ուղղել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին, Հայաստանում ԵԱՀԿ դեսպանին: Նախագծի վերաբերյալ բացասական որոշում են կայացրել Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ:
Բնապահպանության նախարարությունից մենք ստացանք պատասխան, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն կանգնեցրել է տվյալ նախագծի փորձաքննության գործընթացը:
Մենք խնդրում ենք օգնել մեզ հասկանալ՝
֊ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ո՞ր կետով է ընկերությունն ինքը որոշում կանգնեցնել նախագիծը, թե` ոչ, և այդ պարագայում որո՞նք պետք է լինեն լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, գործողությունները:
֊ Ինչո՞ւ մեզ՝ Ֆիոլետովո համայնքի բնակիչներիս, չեն տեղեկացնում տվյալ նախագծի կարգավիճակի և բնապահպանական փորձաքննության ընթացքի մասին:
֊ Ինչո՞ւ լիազոր մարմինը նախագծին բացասական եզրակացություն չի տվել, եթե «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված դիտարկման ժամկետները լրացել են», ֊ նշում են նամակի հեղինակները:
Ֆիոլետովոյի բնակիչները հույս ունեն, որ նախարարը կհանձնարարի լիազոր մարմնին մանրամասն պատասխանել իրենց հարցերին և ձեռք առնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախագծի դիտարկման գործընթացը համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային: