Հունիսի սկզբից հայաստանյան բանկերի մեծ մասն այնպես է ակտիվացել, որ կարելի է կարծել, թե երկրում ինչ֊որ լուրջ փոփոխություններ են եղել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բանկերի աշխատակիցները զանգահարում են իրենց երկարամյա հաճախորդներին և վարկ առաջարկում։ Թերթը նշում է, որ վարկն առաջարկում են հիմնականում տարեկան 24 տոկոս տոկոսադրուքով, սակայն, երբ հաճախորդը բոլոր վճարումները կատարում է, պարզվում է, որ փաստացի տոկոսադրույքը կազմում է 30-ից 31,5 տոկոս։
Թերթի տեղեկություններով՝ բանկերի նման ակտիվությունը Կենտրոնական բանկի «հորդորի» հետևանք է։ Վերջին ամիսների վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանի բնակչության և փոքր բիզնեսի գնողունակությունը գնալով նվազում է, ինչը տնտեսական վիճակն էլ ավելի է վատթարացնում։
«Ֆինանսական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն, ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանում գրանցված բանկերին «հորդորել է» դրամով վարկերի պորտֆելներն ավելացնել և տրամադրման գործընթացն էլ հեշտացնել։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԿԲ֊ն բանկերին հասկացրել է, որ բավական է գումարների վրա «նստած» հետևեն, թե ինչպես է դրամը գնալով պակասում՝ նպաստելով ընդհանուր գնողունակության անկման», ֊ գրում է թերթը՝ հիշեցնելով, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մանրածախ առևտրի շրջանառությունը, անցած տարվա համեմատ, նվազել է 7.6 տոկոսով։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում