Home / Հայաստան / Ցուցարարը պատմել է՝ իրեն հայհոյել է ոստիկանության աշխատակիցը

Ցուցարարը պատմել է՝ իրեն հայհոյել է ոստիկանության աշխատակիցը

Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ցույցի մասնակից Գոհար Սարոյանին հայհոյել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այս մասին Epress.am-ին պատմել է ինքը՝ Սարոյանը: Նա ասել է, որ կարողացել է փախչել ոստիկանական մեքենայից և փորձել է միայնակ փակել պողոտան՝ նստելով գետնին: Նրան է մոտեցել ոստիկանական հագուստով մեկը, իսկ հետո նաև քաղաքացիական հագուստով անձ, որը ներկայացել է որպես լրատվության բաժնի պետ:

«Ասացի՝ բա ինչո՞ւ եք մինչև հիմա կողքներս կանգնած ցուցարար ձևանում (նկատի ունի քաղաքացիական հագուստով ոստիկաններին ֊ խմբ․): Այդ պահին ոստիկանն ասաց՝ «Գնացիր հըլը ստեղից»: Նա շրջվեց, իսկ ես ասացի՝ կգնաս տնեցիներիդ հետ այդ տոնով կխոսես: Նա զայրացած նայեց իմ վրա և կամաց հայհոյեց, հատուկ այնպես արտասանեց բառերը, որ բարձր չլսվի, բայց ես հասկանամ՝ ինչ հայհոյանք է ինձ տալիս»,- պատմել է Գոհար Սարոյանը:

Ոստիկանություն բերման ենթարկված Արամ Թարվերդյանը Epress.am-ին հեռախոսով հայտնել է, որ իրենց ոստիկանական բաժնում վստահեցրել են, որ ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվելու, շուտով բոլորին ազատելու են: Թարվերդյանի խոսքով՝ բերման ենթարկելուց իրենց նկատմամբ ուժ են կիրառել, պատշաճ կերպով չեն իրազեկել իրենց իրավունքների մասին, այդ պատճառով ինքն ու իր սենյակում գտնվող այլ բերման ենթարկվածներ որոշել են հրաժարվել ցուցմունք տալուց ու ներկայանալուց։

Տեսանյութում՝ հուլիսի 6-ին ոստիկանները ցրում են էլէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստցույցի մասնակիցներին․