Հաջորդ տարի ՀՀ կառավարությունը մտադիր է ներգրավել ևս մոտ 909 միլիոն դոլարի պարտք։ Սա ակնհայտ է դառնում կառավարության ներկայացրած և երեկ հաստատված «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» ուսումնասիրությունից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Եթե կառավարության կանխատեսած ցուցանիշների համաձայն 2016 թվականի սկզբին մեր պետական պարտքը կազմելու է 1 տրիլիոն 999 միլիարդ դրամ (4.2 մլրդ դոլար), ապա նույն տարվա վերջին այն պետք է կազմի 2 տրիլիոն 431 միլիարդ դրամ (5.1 միլիարդ դոլար)։ Տարբերությունը 432 միլիարդ դրամ է, որը դրամի այսօրվա փոխարժեքով կազմում է 909 միլիոն դոլար։ Սակայն նշենք, որ իրականությունը ավելի դաժան է լինելու. մեր պետական պարքտն աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը։
ՀՀ պետական բյուջեով սահմանված էր, որ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 4.2 միլիարդ դոլար։ Բայց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը վերջերս հայտարարել էր, թե այս տարվա վերջին պետական պարտքը կլինի մոտ 4.9 միլիարդ դոլար։ Եթե սրան ավելացնենք վերը նշված 909 միլիոն դոլարը, ապա կստացվի, որ հաջորդ տարվա վերջին մեր պետական պարտքը կդառնա արդեն 5.8 միլիարդ դոլար՝ կառավարության կանխատեսած 5.1 միլիարդի փոխարեն», – նշում է թերթը։